Հայաստան

Ռուսաստանը հույս ունի, որ խաղաղապահների սպանության գործով դատավարության արդյունքները Բաքուն կհանրայնացնի. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հույս ունի, որ խաղաղապահների սպանության գործով դատավարության արդյունքները Բաքուն կհանրայնացնի. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների ժամանակ սպանված ՌԴ խաղաղապահ զորակազմի ծառայողների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնեց, որ քրեական գործ է հարուցված նաեւ 2020 թվականի նոյեմբերին ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածից կործանված  ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող ուղղաթիռի դեպքով:  

«Երկու երկրների գլխավոր դատախազությունները եւ քննչական մարմինները գտնվում են կապի մեջ։ Մենք ակնկալում ենք, որ շուտով կսկսվի դատավարություն եւ արդյունքներն անպայման  կհանրայնացվեն»,- ասել է Զախարովան։

Ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել էր Երասխի տարածքում՝Ադրբեջանի հետ սահմանին, 2020 թ.-ի նոյեմբերի 9-ին: Միջադեպի հետևանքով զոհվել էին մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը, ևս մեկ զինվորական վնասվածքներ էր ստացել: Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել էր, որ սխալմամբ է խոցել ուղղաթիռը, և պատրաստակամություն էր հայտնել Մոսկվային փոխհատուցում վճարել: 

2023 թվականի սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, որում գտնվող զինվորականները զոհվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում