Աշխարհասփյուռ հայության ներգրավումը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար. Լիբանանի հայազգի պատգամավոր
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի խորհրդարանի հայազգի անդամ Փաուլա Եագուպեանը շատ կարևոր է համարում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացումն՝ ընդգծելով, որ Սփյուռքը Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում և աշխարհասփյուռ հայության ներգրավումը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։
Փաուլա Եագուպեանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ խոսելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և կապերի զարգացման կարևորության, դրանում Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ունեցած կարևորության, ինչպես նաև Հայաստան-Լիբանան ներկա հարաբերությունների վերաբերյալ։
-Տիկին Եագուպեան, Ձեր կարծիքով՝ կարևոր է արդյո՞ք Համաշխարհային հայկական գագաթաժողովը Հայաստանի և Սփյուռքի շփումների ու հարաբերությունների համար:
-Շատ կարևոր է Հայաստանի և այստեղ կատարվողի մասին իմանալու համար մեկտեղել հայկական Սփյուռքն ու աշխարհի հայերին։ Հայերի ներգրավումը վճռորոշ է Հայաստանի ապագայի համար։ Այս երկրի սահմանները շատ ավելի մեծ են, քան 30,000 կիլոմետրը: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր չէ, այն թևեր ունեցող երկիր է: Իսկ Սփյուռքն, իսկապես, Հայաստանի դեսպանն է ամենուր։ Կարծում եմ, որ պետք է շատ աշխատանք տարվի Սփյուռքի հետ՝ ավելի ու ավելի ներգրավելով Սփյուռքին, հատկապես նոր սերնդին: Մենք ունենք մի բան, որը միավորում է մեզ բոլորիս, դա հայկական հարցն է: Այս հարցը համախմբում է աշխարհի բոլոր հայերին: Եվ այսօր մենք դեռ վճարում ենք հայ լինելու գինը, վճարում ենք այս բարդ տարածաշրջանում գտնվելու համար: Մենք պետք է կանգնենք Հայաստանի կողքին և պետք է հավատանք, որ ՀՀ կառավարությունը ճիշտ կգործի։ Եվ ես կարծում եմ՝ Սփյուռքը պետք է իր խոսքն ասի դրանում, պետք է ունենա նաև կարծիք, որովհետև դուք չեք կարող միայն օգնություն խնդրել, դուք օգնություն եք խնդրում, բայց նաև պետք է լսեք Սփյուռքին և նրա կարծիքը:
-Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող է անել Սփյուռքն աշխարհում հայկական շահն առաջ մղելու համար, և ի՞նչ կարող է անել Հայաստանը հայկական Սփյուռքի հետաքրքրություններն առաջ մղելու համար:
-Այսօր Սփյուռքը կարող է շատ բան անել երիտասարդ Հայաստանի համար, շատ ավելին, քան Հայաստանը կարող է անել Սփյուռքի համար։ Հայերը հաջողակ են շատ երկրներում, նրանք ունեն մեծ ուժ և կարող են այն տալ երկրին:
Ես գալիս եմ մի երկրից, որն օկուպացված է մինչ օրս. հայրս Զեյթունից է: Բայց ինձ կապված եմ զգում Հայաստանին, նույնիսկ եթե մենք խոսում ենք տարբեր բարբառներով։ Մենք ունենք նույն արյունը և ունենք նույն գործը: Ինձ համար շատ զգացմունքային է այս գագաթնաժողովին մասնակցելը և ես չեմ կարող դադարել մտածել, թե ինչպես մենք կարող ենք իրականում օգտագործել կապերը Լիբանանի հետ, որի հայ համայնքը շատ աշխույժ ներգրավված է լիբանանյան կյանքում։ Այս երկրներն ունեն շատ նմանություններ, շատ ընդհանուր բաներ, և մենք պետք է օգտվենք դրանից:
-Ձեր կարծիքով, որո՞նք են Համաշխարհային հայկական գագաթնաժողովի կարևորագույն թեմաները։
-Այս հանդիպումները վճռորոշ նշանակություն ունեն տարբեր տեղերում ապրող հայերի հետ կապեր հաստատելու համար և նրանց հիշեցնելու՝ դուք ոչ միայն ապրում, աշխատում և շնչում եք ինքներդ ձեզ համար, այլ երբեմն պետք է վարձահատույց լինել հայրենիքին, երբեմն պետք է մտածել, թե որտեղից եք գալիս։ Պատմության ճիշտ կողմում լինելը մարդու իրավունքների հետ լինելն է, և մեր գործը վերաբերում է մարդու իրավունքներին:
Ես ցեղասպանությունը վերապրածի դուստր եմ՝ հայրս ծնվել է 1911 թվականին, և նա չորս տարեկան էր, երբ ստիպված էր փախչել իր տնից, նա տեսել է, թե ինչպես են ամբողջ ընտանիքին մորթում իր աչքի առաջ։ Նա ապաստան է գտել Լիբանանում, որը դարձավ նրա ընտրած երկիրը։ Նա Լիբանանի «մեծ» քաղաքացի էր: Լիբանանի առաջին քարտեզը պատրաստել է հայրս, ով քարտեզագետ էր: Ես ցեղասպանությունը վերապրածի շատ հպարտ դուստր եմ, ով Լիբանանի հիանալի քաղաքացի է դարձել։ Հայրս երբեք չի մոռացել, թե որտեղից է եկել, երբեք չի մոռացել իր արմատները, իր արյունը և իր պատմությունը, և նա մեզ անընդհատ պատմում էր իր մոր մասին։
Գագաթնաժողովը կստիպի ավելի շատ հայերի մտածել այս երիտասարդ պետության մասին՝ ինչպե՞ս կարելի է օգնել Հայաստանին և լինել վերջինիս կողքին: Ես վստահ եմ, որ Սփյուռքում ապրող հայերն իրենց երկրների շատ լավ քաղաքացիներ են, ներգրավված քաղաքացիներ են, բայց դա չի նշանակում, որ դուք չունեք բավարար ժամանակ և բավարար տոկունություն կամ ներուժ՝ մտածելու համար նաև ձեր սահմանից դուրս և մտածել՝ ինչպե՞ս և ե՞րբ կարող ես օգնել հայրենիքիդ:
Երբ խոսքը վերաբերում է իմ սեփական արյանը, իմ պատմությանը, իմ սեփական ժառանգությանը, ես պետք է անեմ նույնիսկ ավելին, դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել:
Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է հայը կամ հայի ժառանգը ներգրավված չլինել հայրենիքի գործերին: Ճիշտ այնպես, ինչպես լիբանանցիներն ամենուր են, նրանք մտածում են, թե ինչպես կարող են օգնել Լիբանանին, ինչպես վարձահատույց լինել Լիբանանին, նույնիսկ եթե ստիպված են եղել փախչել երկրից, նույնիսկ, եթե մղձավանջ է եղել Լիբանանում: Ինչ էլ որ լինի, նրանք փորձում են օգնել և աջակցել Լիբանանին։ Մենք պետք է նույնն անենք ամենուր:
-Հանդիսանալով Լիբանանի խորհրդարանի անդամ՝ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Լիբանանի միջև առկա միջխորհրդարանական հարաբերությունները։
-Քանի որ ես ընդդիմադիր եմ, ինձ չեն նշանակում որևէ հանձնաժողովում, որը կապված է Հայաստանի հետ, քանի որ այդ որոշումը կայացնում է խորհրդարանի խոսնակը։ Եվ ես դեմ եմ նրան, նրա կուսակցությանը, նրա քաղաքականությանը: Ցավոք, հայկական կուսակցությունները մշտապես դաշինքի մեջ են Լիբանանում իշխող դասի հետ՝ առանց որևէ հարցադրման: Հետևաբար, լինելով ընդդիմադիր, մենք հնարավորություն չունենք Հայաստանի հետ ավելի պաշտոնական աշխատանք տանելու։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող գալ այստեղ և օգնել, լինել այս նշանավոր գագաթնաժողովի մի մասը: Այն իսկապես հաճելի էր ինձ համար, և հուսամ՝ մենք կարող ենք շատ ավելին անել ապագայում:
-Տիկին Եագուպեան, բոլորն իմացան, թե ինչ է կատարվում Լիբանանում այս օրերին։ Ունե՞ք այդ մասին որևէ մանրամասն տեղեկություն։
-Ցավոք սրտի, մենք չունենք… Իրավիճակը Լիբանանում այժմ աղետալի է, և ես կարծում եմ, որ Իսրայելը ռազմական հանցագործություն է կատարել: Դա պատերազմական հանցագործություն է և հանցագործություն մարդկության դեմ: Սա պատերազմ է տեխնոլոգիաների, գիտության, արհեստական ինտելեկտի դեմ: Դա շատ, շատ վտանգավոր է: Ես դեմ եմ Լիբանանի «Հեզբոլլահ»-ին: Ես «Հեզբոլլահ»-ի դեմ կատաղի մարտիկ եմ և դեմ եմ նրան, ինչը նրանք պաշտպանում են։ Դեմ եմ այն աղանդավորությանը, որն արմատացած է նրանց գաղափարախոսության մեջ: Այնուամենայնիվ, ես չեմ կարող հավանություն տալ նման բանին։ Իսրայելն այսօր ահաբեկչական պետություն է: Ուրիշ բան չի կարելի ասել։ Դա զանգվածային սպանություն էր, նույնիսկ, եթե զոհերի թիվը մեծ չէ։ Բայց տեղի ունեցածը շատ վտանգավոր նախադեպ է պատմության մեջ։