Քաղաքականություն

Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի համոզմամբ՝ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ իր համար անվտանգություն ի վիճակի է ապահովել Հայաստանի Հանրապետությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց  Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։

«Աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգություն ՀՀ-ի համար։ Իր համար անվտանգություն ի վիճակի է ստեղծել միայն ՀՀ-ն՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու պարագայում։

Անվտանգության միայն մի երաշխիք կա՝ խաղաղությունը, այլ երաշխիք չկա։ Մեր կառավարության քաղաքականությունն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով հանդերձ դրա դժվարությունները»-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ անվտանգության տեսանկյունից Հայաստանում և նրա շուրջ գործընթացները պետք է դիտարկել  ավելի լայն և երկարաժամկետ կտրվածքով։

Վարչապետնի դիտարկմամբ՝ նախկինում որդեգրված անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր «արդյունավետությունը»։

«Անվտանգային ճարտարապետության մեր ընկալումը եղել է այն, որ մենք մեր տարածաշրջանում կարող ենք կոնֆլիկտներ ունենալ բոլոր հնարավոր ուղղություններով, փակ սահմաններով, լարված հարաբերություններով, և մենք կունենանք հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցներ, բարեկամներ, ովքեր մեր մեջքին կկանգնեն, որպեսզի տարածաշրջանում ում հետ, ինչ տոնայնությամբ ուզենք խոսենք։ Մեր մտքով չի անցել կամ անցել է՝ չենք բարձրաձայնել, որ դաշնակիցը՝ դաշնակից, բարեկամը՝ բարեկամ, բայց այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը և դրանց համատեքստում, եթե հայկական գործոնը տեղ ունի յուրաքանչյուր երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ, ապա այդ տեղը ո՛չ առաջնային է, ո՛չ երկրորդային, ո՛չ երրորդային, ո՛չ էլ չորրորդային կամ հինգերորդային։ Մեր մտքով չի անցել, որ այս ճարտարապետության մեջ կա կոնստրուկցիոն սխալ․ այդ երկրներն, իրենց շահերի բերումով, ինչպես կուզեն՝ կվարվեն առաջին հերթին մեզ հետ՝ երրորդ երկրների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար։ Ես կարծում եմ՝ երբ մենք խոսում ենք անվտանգության մասին, պետք է առաջին հերթին խոսենք ոչ թե  զենք-զինամթերքի մասին, որն ակնհայտորեն շատ կարևոր է, այլ՝ մեր միջավայրում ապրելու կանոնների մասին»,-ընդգծեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում