Հայաստան

Ամեն ինչ արվել է, որ որմնանկարների գույներն ավելի մոտենան բնօրինակին. Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգումը մոտեցել է ավարտին

3 րոպեի ընթերցում

Ամեն ինչ արվել է, որ որմնանկարների գույներն ավելի մոտենան բնօրինակին. Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգումը մոտեցել է ավարտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտին են մոտեցել Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հիմնավերանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ կազմակերպված  շրջայցի ընթացքում։

«Բոլորդ էլ գիտեք, որ յուրաքանչյուր լուրջ աշխատանք բավականին լուրջ և ծավալուն ուսումնասիրության փուլ է անցնում՝ դա կլինի նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն, նախագծերի կազմում, համաձայնեցումներ բոլոր պատկան կառույցների հետ։ Մայր Տաճարն ընդգրկված լինելով ՅՈՒՆԵԿՕ-ի կառույցների շարքում, ունի յուրահատուկ մոտեցում. յուրաքանչյուր նախագիծ, որն իրականացվել է, օգտագործվող յուրաքանչյուր շինանյութ՝ բոլորը համաձայնեցված են եղել այն պահանջների հետ, որ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչպես նաև Հայաստանում գործող օրենքների հետ՝ վերանորոգման, վերակազմության հարցում»,-ասաց Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ հավելելով, որ այդ ամենը տևել է 2012-2015 թվականները։

Նրա խոսքով՝ երբ որոշում կայացվեց, որ պետք է լայնորեն մեկնարկեն վերանորոգման աշխատանքները, կոնստրուկտորները պնդել են,որպեսզի  ժամ առաջ Մայր Տաճարի դռները փակվեն հավատացյալների առաջ, քանի որ խիստ վթարային վիճակում էին հիմնական սյուներն ու թմբուկը. մտավախություն էր առաջացել, որ երկրաշարժի հետևանքով դրանք կարող են փլվել՝ վտանգելով եկեղեցի այցելող հավատացյալների կյանքը։

Հիմնանորոգման ընթացքում աշխատանքներ են իրականացվել նաև հիմնասյուների ամրակայման, դրանց՝ արդեն հնամաշ մետաղյա մասերի փոխարինման ուղղությամբ, որի շրջանակներում օգտագործվել են գերժամանակակից նյութեր։

Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի համոզմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր անկյունում փոփոխություններ են կատարվել, այնուամենայնիվ, վերականգնողների վարպետության շնորհիվ ամեն ինչ արվել է այնպիսի ճշգրտությամբ, որ, մասնավորապես որմնանկարների գույները  ոչ միայն պայծառանան, այլև՝ ավելի մոտենան բնօրինակին։

Հոգևոր հայրը տեղեկացրեց, որ Մայր տաճարը կբացվի ամբողջությամբ։

Մայր Տաճարի վերաօծման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 29-ին ժամը 10։30-ին, իսկ նախորդող օրը՝ սեպտեմբերի 28-ին ժամը 17։00-ին, տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում