Վերլուծություն

Վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը հետևողական աշխատանքի արդյունք է. քաղաքագետի վերլուծությունը

6 րոպեի ընթերցում

Ռոբերտ Ղևոնդյան
Վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը հետևողական աշխատանքի արդյունք է. քաղաքագետի վերլուծությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը երկար ժամանակ փորձում էր իրականություն դարձնել վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշումը, հետևաբար, ՀՀ իշխանությունների հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ վիզաների ազատականացման հարցում կատարել բավական լուրջ քայլ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն՝ անդրադառնալով Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ԵՄ խորհրդի որոշմանը։  

«Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ չի անցնի, մինչև վերոհիշյալ որոշումն ամբողջությամբ կյանքի կոչվի ու դառնա իրականություն։ Վիզաների ազատականացումն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներին կընձեռի սեփական բիզնես կապերն ու այլ ոլորտներում առկա հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հնարավորություն։ Բազմաթիվ են դեպքերը, երբ զարգացման ուղղություն է ընտրվում կոնկրետ մեկ պետություն՝ Ռուսաստանը, և նրա հետ կապվող այլ շուկաները, սակայն այս դեպքում ավելի մեծ հնարավորություններ կլինեն դիվարսիֆիկացված հարաբերություններ հաստատելու համար, առավել ևս, որ մեր տնտեսության մեջ այս պահին իսկապես կա դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն»,- ասաց քաղաքագետը։

Այդուհանդերձ, Ղևոնդյանը նկատեց, որ իր կողմից հիշատակված գործոնների հետևանքով բավական բարդ է այդ դիվերսիֆիկացումն ապահովել միջին և ցածր մակարդակներում, մինչդեռ վիզաների ազատականացման դեպքում այդ գործընթացն, ըստ նրա, ավելի կհեշտանա։ 

Խոսելով անօրինական միգրացիայի և մեր երկրում ընթացող բարեփոխումների հնարավոր ձախողման հետ կապված ռիսկերի մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ դրանց պատճառով է, որ վիզաների ազատականացումն այս պահին դեռևս իրականություն չէ և միայն գործընթացի շուրջ բանակցություններն են մեկնարկել, որոնք արդեն մտել են ակտիվ փուլ։

«Հայաստանը բավականին ակտիվորեն աշխատել է նախորդ տարիներին։ Օրինակ՝ ստորագրվել է ռեադմիսիայի համաձայնագիրը  և օրենսդրական կարգավորումները հարյուր տոկոսով համապատասխանեցված են անհրաժեշտ պահանջներին։ Հայաստանը բարեփոխումների ոլորտում շարունակականության ապահովման ներուժ ունի, այլ հարց է, թե դա ինչքանով կդառնա իրականություն։ Դա կտեսնենք ժամանակի ընթացքում։ Ինչ վերաբերում է անօրինական միգրացիային, ապա նույն ռեադմիսիայի օրենքը վերաբերում է հենց այդ խնդրին։ ՀՀ-ի ու ԵՄ երկրների միջև սերտ համագործակցությունը պետք է որ կանխի անօրինական միգրացիայի այնպիսի ծավալների հասնելը, որոնք խնդրահարույց կլինեն Եվրամիության համար»,- ասաց մեր զրուցակիցը։

Ղևոնդյանի կարծիքով՝ շատերը փորձում են գնալ լավ կյանքի հնարավորությունների հետևից, ուստի ԵՄ-ում խնդրում են նաև ապաստան՝ վկայակոչելով ամենատարբեր հարցեր՝ սկսած քաղաքական խնդիրներից, վերջացրած պատերազմական իրավիճակի վկայակոչմամբ, բայց ինքնին հասկանալի է, որ նման դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում մարդկանց խոսքերի և իրականության միջև ընդհանրություն չկա, ինչով էլ պայմանավորվում է ապաստանի հայցերի մերժման բավականին բարձր տոկոսը։   

«Վիզաների ազատականացումն այս հարցում պետք է, որ էական փոփոխություններ չմտցնի, քանի որ մարդիկ, ովքեր ցանկություն են ունեցել հեռանալ Հայաստանից և մշտական բնակություն հաստատել ԵՄ երկրներում, նրանք ճանապարհներ գտել են նաև վիզա ստանալու միջոցով։ Հայտնի է, որ տարիներ շարունակ Հայաստանում ոչ միայն օրինական հնարավորություն է եղել վիզա ստանալու համար դիմել և հեռանալ, այլև առանձին բիզնես է եղել՝ բավականին մեծ գումարներով։ Այնպես որ վիզաների ազատականացումը համարել որպես կանխարգելիչ միջոց այս խնդրում՝ տեղին չէ, դա պարզապես այս գործընթացում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին ամեն գնով մեկնել ԵՄ երկրներ, նորից գնալու են ու հանձնվեն այնտեղի իշխանություններին։ Կանխատեսում եմ, որ նրանց մեծ մասին նախկինի պես հետ են վերադարձնելու Հայաստան»,- նկատեց քաղաքագետը։

Ղևոնդյանի պարզաբանմամբ՝ ԵՄ երկրներում այժմ հիմք չեն ընդունում մարդկանց նույնիսկ այն փաստարկը, որ նրանք իրենց համարում են նախկին իշխանությունների հետևորդներ։ Ըստ նրա՝ մարդիկ փորձում են իրենց քաղաքական կողմնորոշումը շահարկել՝ իրենց միգրացիան օրինականացնելու համար, հետևաբար նման մարդիկ լինելու են ցանկացած իշխանության, ցանկացած վարչակարգի օրոք։ 

«Խնդիրն այն չէ, թե ինչպիսի իշխանություններ են կամ ինչ հնարավորություններ կան մարդկանց համար, այլ խնդիրը Հայաստանի ու ԵՄ երկրների միջև համագործակցության դաշտում է, որի միջոցով անօրինական միգրացիան պետք է կանխվի։ Ցավոք սրտի, բացառել, որ որևէ մեկն այլևս չի կարողանա նման փորձ կատարել, հնարավոր չէ։ Պարզապես ՀՀ-ն պետք է շարունակի ԵՄ-ի հետ աշխատել նաև այդ խնդիրը հարթելու ուղղությամբ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Քաղաքագետի դիտարկմամբ, եթե լինի վիզաների ազատականացում, այլևս դեսպանատներ դիմելու և բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելու կարիք չի լինի, բայց արտերկրում մնալու ժամկետների սահմանափակումը դեռ կգործի, ինչը նորմալ պրակտիկա է բոլոր երկրների քաղաքացիների համար։ 

«Այդպիսի ռեժիմ գործում է նաև Հայաստան ժամանողների համար, ովքեր որոշ ժամանակ մնալուց հետո պետք է կա՛մ վերադառնան, կա՛մ ներկայացնեն աշխատանքային պայմանգիր, կա՛մ իրենց հետագա մնալը հիմնավորող այլ փաստաթուղթ։ Դա նորմալ ընթացակարգ է, անկախ այն հանգամանքից՝ երկրները միմյանց միջև ունե՞ն վիզային ռեժիմ, թե՞ ոչ»,- եզրափակեց «Արմենպրես»-ի զրուցակիցը։   

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում