Մարզեր

Գեղարքունիքի մարզում կայացել է հայ-ֆրանսիական քայլարշավային 3-րդ փառատոնը

5 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կայացել է հայ-ֆրանսիական քայլարշավային 3-րդ փառատոնը

ԳԱՎԱՌ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական ասոցիացիայի համագործակցությամբ «Զբոսաշրջության» առանցքի շրջանակներում սեպտեմբերի 14-ին և 15-ին Գավառում անցկացվել է «Քայլարշավը որպես տեղական զարգացման շարժիչ ուժ» թեմայով 3-րդ քայլարշավային փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  փառատոնի մեկնարկը տրվել է Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում, որտեղ կայացած բացման արարողության ընթացքում մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը ներկաներին հղել է մարզպետ Կարեն Սարգսյանի ողջույնի խոսքը, որում կարևորվել է Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի համագործակցված աշխատանքի արդյունքում իրականացվող ծրագրերը, ինչն էլ նպաստում է Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության հետագա խորացմանը և նոր ձեռքբերումներին։ 

Քայլարշավային փառատոնին մասնակցել է 200 երիտասարդ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից և Երևանից, ինչպես նաև մասնակցություն են ունեցել ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզի համայնքների ղեկավարներ և տեղակալներ, համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։

Քայլարշավային 3-րդ փառատոնի գործունեության, երիտասարդների ներգրավվածության, զբոսաշրջության խթանման և զարգացման ռազմավարության, արշավային զբոսաշրջության կարևորության, գյուղական համայնքների զարգացման, մասնագիտացված գիդերի պատրաստման և համագործակցությանն ուղղված այլ թեմաների մասին ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում ֆրանս-հայկական համագործակցությունների համակարգող Ֆլորանս Պրովանդիեն, ինչպես նաև Գավառի և Սևանի համայնքապետարանների, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի ներկայացուցիչներ:

«Աֆրատ» տուրիստական ասոցիացիայի ծրագրի պատասխանատու Կամիյ Մարկոնեն անդրադարձել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի հետ ունեցած համագործակցությանը և ընթերցել  Ֆրանսիայի կառավարության և Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության և ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի ողջույնի խոսքը, որն ուղղված էր պետական և տեղական մակարդակներում ներդրումներ կատարելուն, քայլարշավային զբոսաշրջությունը Գեղարքունիքի մարզում զարգացնելուն։ 

Այնուհետև փառատոնի մասնակիցները շրջել են Գավառի կենտրոնական հրապարակում կազմակերպված տոնավաճառի տաղավարներում, ծանոթացել տեղական արտադրողների գործունեությանը, շփվել փառատոնի տեխնիկական գործընկերների հետ:

Տեղի է ունեցել նաև տեխնիկական ժողով` «Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հնարավորությունները քայլարշավի միջոցով» թեմայի շրջանակներում, որի ընթացքում ծրագրի պատասխանատուներն ու գործընկերները քննարկել են քայլարշավային զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու հետագա անելիքները:

Փառատոնի մասնակիցները քայլարշավ իրականացրել են 4 տարբեր ուղղություններով։

Քայլարշավային երթուղիներն ընդգրկել են Հայրավանք-Նորատուս  6 կիլոմետրանոց, Գավառ-Արծվաքար 10 կիլոմետրանոց,  Լճափ-Հայրավանք 8 կիլոմետրանոց և Նորատուս-Սևանա լիճ 13 կիլոմետրանոց ուղղությունները։  

Փառատոնի մասնակից երիտասարդների համար կազմակերպվել են աշխատարաններ` «Առաջին բուժօգնություն», «Նախապատրաստում քայլարշավին», «Տուրիզմի հետևանքները», «Բուսաբանություն`բժշկական բույսեր», «Հայկական ազգային պարեր», «Թռչնադիտում», «Բնության գրկում ողջ մնալու արվեստը» թեմաներով: 

Քայլարշավներից և աշխատարաններից հետո օրն ավարտվել է վրանային ճամբարում` Գավառի «ՄՆԱ» project և Սևանի «ԳԱՄՄԱ բենդ» երաժշտական խմբերի համերգային ծրագրով և երիտասարդների համախմբմամբ` խարույկի շուրջ: 

 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում