Քաղաքականություն

Սլովենիան պատրաստ է օգնել Հայաստանին Եվրամիության հետ կապերն ամրապնդելու ճանապարհին

8 րոպեի ընթերցում

Սլովենիան պատրաստ է օգնել Հայաստանին Եվրամիության հետ կապերն ամրապնդելու ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանն անպայման պետք է շարունակի իր հայացքն ուղղել դեպի Եվրամիություն և ամրապնդել կապերը վերջինիս հետ։ Սլովենիան՝ որպես նմանատիպ երկիր և կառույցի անդամ, այդ ճանապարհին անպայմանորեն կօգնի Հայաստանին։

Այս մասին «Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում ասաց Սլովենիայի արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինը՝ խոսելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի, այդ ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քայլերի և Հայաստան-ԵՄ ապագա հեռանկարների ու սպասելիքների վերաբերյալ:

Գնահատելով  երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քայլերը` Մարկո Շտուցինը նկատեց, որ  պաշտոնական Երևանն այդ առումով վերջին մի քանի տարում շատ կարևոր քայլեր է կատարել: 

«Եվրամիության անդամ երկրների տեսանկյունից, օրինակ՝ Սլովենիայի տեսանկյունից, կարծում եմ, որ շատ տեսանելի է՝ Հայաստանը ճիշտ ուղի է վերցրել, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումների, ժողովրդավարացման, օրենքի գերակայության գործընթացներին», - նշեց պետքարտուղարը՝ ընդգծելով, որ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանում շրջելու ընթացքում նկատել է, որ քաղաքը և հասարակությունը փոխվել են վերջին մի քանի տարիների ընթացքում: 

Նրա բնորոշմամբ՝ ներկայում Երևանը նման է Եվրոպական միության բազմաթիվ մայրաքաղաքների և կարելի է տեսնել, որ հայ հասարակությունը կենսունակ է, երիտասարդ հասարակություն է, հասարակություն է, որը գնում է ճիշտ ուղով:

«Բարեփոխումներն, իհարկե, դեռ անհրաժեշտ են, ուստի գործընթացը դեռ չի ավարտվել։ Սակայն դա միայն Հայաստանի առումով չէ, որ այդպես է: Երբ ես խոսում եմ իմ երկրի՝ Սլովենիայի մասին, որը Եվրամիության անդամ է վերջին 20 տարիներին, ես նույն բանը կասեի, որ նաև մեր դեպքում ժողովրդավարացման և օրենքի վրա հիմնված հասարակության գերակայության գործընթացը դեռևս շարունակվում է։ Այս գործընթացը ձեզ չի հասցնում ավարտին, քանի որ այն շարունակական է: Ժողովրդավարությունը մի բան է, որի վրա պետք է անընդհատ աշխատել, այնպես որ, չես կարող կանգ առնել: Նույնիսկ, երբ դու հասնում ես ժողովրդավարության շատ բարձր մակարդակի, դեռ պետք է աշխատես առաջին հերթին այն պահպանելու, ինչպես նաև հասարակությունն ավելի լավը դարձնելու համար», - շեշտեց Մարկո Շտուցինը՝ որպես օրինակ բերելով Եվրամիությունում գոյություն ունեցող, այսպես կոչված, «Օրենքի գերակայության» զեկույցը, որի համաձայն՝ Եվրոպական հանձնաժողովն ամեն տարի՝ սովորաբար ամռանը, օրենքի գերակայության զեկույց է հրապարակում յուրաքանչյուր անդամ երկրի համար: 

Շտուցինի դիտարկմամբ՝ այդ զեկույցը վերաբերում է նաև ավելի հին անդամ երկրներին, ինչպիսիք են Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, Գերմանիան և այլն: 

Սլովենացի պաշտոնյայի խոսքով՝ Եվրահանձնաժողովը նաև վերոնշյալ պետությունների դեպքում կարող է գտնել թերություններ և խրախուսել նրանց՝ աշխատելու այդ թերությունները վերացնելու ուղղությամբ: 

«Նույնը գործում է Սլովենիայի համար, նույնը կարող է գործել Հայաստանի համար։ Այնպես որ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է, բայց բարեփոխումների գործընթացը երկարատև է և շարունակական», - ասաց սլովենացի պաշտոնյան։

Անրդադառնալով հարցին, թե կարո՞ղ են արդյոք ժողովրդավարությունը և դեպի ժողովրդավարություն կատարվող քայլերը հիմք հանդիսանալ երկրի անվտանգության ապահովման համար՝ Մարկո Շտուցինը շեշտեց․  

«Մեր օրերում, հատկապես հիմա, երբ մենք առերեսվում ենք ուկրաինական պատերազմի հետ, ինչպես նաև այն, ինչ տեղի է ունեցել այստեղ՝ Հայաստանում, ժամանակ առ ժամանակ լսում ենք, որ անվտանգության և ապահովության համար ավելի լավ կլինի, եթե մենք փոխակերպենք մեր հասարակություններն ավելի ավտոկրատ ձևով: Բայց հարցն այն է, թե ումի՞ց ենք լսում այդ փաստարկները․ սովորաբար այս փաստարկները մենք լսում ենք հենց ավտոկրատներից կամ այն ​​քաղաքական գործիչներից, ովքեր ցանկանում են ավտոկրատ դառնալ սեփական հասարակության մեջ: Պրակտիկան ցույց է տալիս շատ հստակ փաստարկ, որ ժողովրդավարությունը գործում է: Եվ ես կրկին խոսում եմ Եվրամիության մասին»:

Պետքարտուղարի դիտակմամբ՝ Եվրամիությունը խաղաղ կառույց է, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան, Ֆրանսիան և այլ երկրներ միավորվել են և ստեղծել ածխի և պողպատի համայնք, որն այնուհետև զարգանալով՝  վերածվել է այսօրվա Եվրոպական միության: 

«Այս գործընթացն իր էությամբ Եվրոպայի ժողովրդավարացման գործընթաց է։ Իսկ ինչպիսի՞ն է արդյունքն այսօր․ Երկրորդ համաշխարհային պատերազմի և եվրաինտեգրման մեկնարկից հետո գրեթե 70 տարվա ընթացքում անդամ երկրներից որևէ մեկի միջև գեթ մեկ զինված հակամարտություն չի եղել։ Սա ապացուցում է, որ եթե դուք ժողովրդավարություն եք իրագործում, եթե անընդհատ աշխատում եք ժողովրդավարացման վրա, եթե կառուցում եք օրենքի վրա հիմնված հասարակություն, դա բերում է խաղաղություն և անվտանգություն», - ընդգծեց Մարկո Շտուցինը:

Վերջինս, խոսելով նաև Հայաստան-Եվրամիություն գործակցության վերաբերյալ Սլովենիայի ունեցած սպասելիքների մասին, նշեց, որ Լյուբլյանան այդ առումով ունի մեկ ընդհանուր դիրքորոշում, որ եվրոպական հավակնություններ ունեցող յուրաքանչյուր եվրոպական երկրի, որը օրերից մի օր ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, պետք է այդ հնարավորությունը տրվի։ 

«Իհարկե, դա այդ երկրի որոշումն է, որ փորձի և իսկապես կատարի բոլոր չափանիշները: Դա երկար գործընթաց է, շատ երկար գործընթաց: Եթե ինձ հարցնում եք ընդհանուր դիրքորոշման մասին, ապա կասեմ, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գալ Եվրամիություն, ապա նրանք կողջունվեն այստեղ, իհարկե, եթե տվյալ երկիրը բավարարում է չափանիշներին», - շեշտեց Մարկո Շտուցինը՝ նկատելով, որ Սլովենիան, բնականաբար, գտնվում է այլ աշխարհագրական դիրքում, ինչ Հայաստանը, սակայն երկուսն էլ շատ նման են միմյանց։ 

Նրա դիտարկմամբ՝ այդուհանդերձ, երկրների աշխարհագրական դիրքերն այլ են, և դա ունի իր նշանակությունը: 

«Կասեմ հետևյալը․ Հայաստանն անպայման պետք է շարունակի իր հայացքն ուղղել դեպի Եվրամիություն և ամրապնդել կապերը վերջինիս հետ։ Սլովենիան՝ որպես նմանատիպ երկիր, այդ ճանապարհին անպայման կօգնի Հայաստանին։ Մենք կարող ենք ուղարկել փորձագետներ: Մենք պատրաստ ենք առաջարկել այս օգնությունը։ Եվ ես այս օրերին հանդիպում եմ նաև իմ հայ գործընկերների հետ՝ առաջարկելու այս օգնությունը, շատ որոշակի օգնություն Սլովենիայից: Բայց, ի վերջո, դա երկար գործընթաց է: Եվ այս պահին դժվար է ասել, թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը», - եզրափակեց Սլովենիայի արտաքին ու եվրոպական գործերի նախարարության պետքարտուղար Մարկո Շտուցինը՝ հավելելով, որ ինչ քայլեր էլ անի Հայաստանը Եվրամիության հետ կապերն ավելի ամրապնդելու համար, դա իր արդյունքը կտա՝ ի շահ իր քաղաքացիների։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում