Մշակույթ

Յուրատիպ աշխատանքների հրավառություն՝ Արենի գյուղում. Արհեստների միջազգային երրորդ փառատոնը համախմբել է քառասուն վարպետի

7 րոպեի ընթերցում

Յուրատիպ աշխատանքների հրավառություն՝ Արենի գյուղում. Արհեստների միջազգային երրորդ փառատոնը համախմբել է քառասուն վարպետի

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատարիմ մնալով մարզերում արհեստների զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը միտված գաղափարախոսությանը՝ Արհեստների միջազգային երրորդ փառատոնը ևս կազմակերպվեց մարզում, այս անգամ՝ Վայոց ձորի Արենի գյուղի գինեգործարանի (Areni Wine Winery) բացօթյա տարածքում:

Սեպտեմբերի 14-15-ն անցկացվող  փառատոնին, որ կրում է «Գինի և արհեստներ» խորագիրը, մասնակցում է շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից` Ալբանիա, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին  արհեստների իրական հրավառություն է՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն, ազգային երգ ու պար, վարպետաց դասեր, ցուցահանդես-վաճառք, լարախաղաց, ավանդական խոհանոց և Վայոց ձորի այցեքարտ համարվող գինի` պատրաստման ավանդույթներից մինչև համտես:

Բացմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խորհդանշական համարեց այն, որ փառատոնի անցկացումը համընկնում է Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր»-ի մեկնարկի հետ: Նրա խոսքով՝ արհեստների նման փառատոնների միջոցով միանգամից մի քանի խնդիր են լուծում: «Առաջին հերթին ձգտում ենք մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը: ՀՀ կառավարության քաղաքականությունն է ավելի շատ միջոցառումներ և տարբեր իրադարձություններ անցկացնել և նշել մարզերում: Կարծում եմ՝ այս փառատոնը նպաստում է թե՛ մշակութային կյանքի աշխուժացմանը, թե՛ տնտեսաության զարգացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը հատկապես կարևորում է  արհեստների հանրային տեսանելիության բարձրացումը, քանի որ ժողովրդական արհեստները մեր մշակույթի կարևոր մասն են, բայց ոչ միշտ է դրանց մասին խոսվում կամ հաճախ չէ, որ ուշադրության են արժանանում: Ըստ նախարարի՝ նման փառատոնները հարթակ են ստեղծում հենց այդ արհեստների ներկայացման համար և հնարավորություն են տալիս գնահատել ժամանակակից վարպետների աշխատանքը: 

«Փառատոնը տարբեր երկրների վարպետների է համախմբում, նրանց միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորություն ընձեռում, կապեր ստեղծում, ինչը հավելյալ արժեք է տալիս փառատոնին: Շատ կարևորում եմ, որ երրորդ փառատոնը կազմակերպվում է Վայոց ձորում՝ Արենիում, որը մեր ակտիվ զարգացող  բնակավայրերից է զբոսաշրջության, գինեգործության առումով: Կարծում եմ՝ այս փառատոնը հավելյալ խթան կհաղորդի բնակավայրի զարգացմանը: Տեսնում եմ, թե  ինչ հրաշալի տաղավարներ կան, ուստի մեր քաղաքացիները, պետություն այցելած զբոսաշրջիկները հրաշալի ժամանց կունենան: Նրանք կարող են նաև ծանոթանալ մարզի պատմամշակութային արժեքներին, որոնցով հարուստ է Վայոց ձորը»,-հավաստիացրեց Ժաննա Անդրեասյանը:

Նա ոչ միայն շրջեց տաղավարներում, զրուցեց վարպետների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքներին, այլև համտեսեց համեղ գինին ու ընդգծեց՝ կարևոր չէ՝ գինին կարմիր է, սպիտակ, թե վարդագույն, կարևոր է, որ արտադրանքը որակյալ է, և յուրաքանչյուրը կարող է գտնել իր քիմքին հաճելի գինի,  իսկ բազմազանությունը մարզի գինեգործության հմայքներից մեկն է:

ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը մեծ պատիվ համարեց Արհեստների միջազգային 3-րդ փառատոնի շրջանակում Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն միջոցառումներից մեկի՝  «Եվրոպական ժառանգության օրեր»-ի մեկնարկը տալը: «Արենին գինու ստեղծման հարուստ և մինչ օրս ապրող ավանդույթներ ունի: Եվրոպական միությունը Հայաստանի հետ համագործակցում է կրթության, մշակույթի, տնտեսության զարգացման ոլորտում, սակայն ամենակարևորը՝ մենք կամրջում ենք մարդկանց և ավանդույթները, ուստի «Եվրոպական ժառանգության օրեր»-ը մեզ համար կարևոր իրադարձություն է»,-նշեց նա:

Դեսպանն ընդգծեց՝ տարվա ընթացքում ԵՄ-ն մեծ ներդրումներ է կատարել մասնավոր հատվածում, զբոսաշրջության, արհեստների, գյուղատնտեսության,  կրթության զարգացման  ոլորտում՝ համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կառավարության հետ: «Արենին հյուսիս-հարավ մայրուղու մաս է, ուստի ցանկանում եմ հատուկ ընդգծել նաև այն համագործակցության ծրագիրը, որ իրականացնում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Մարագոսի խոսքով՝ «Եվրոպական ժառանգության օրեր»-ի «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագիրը լավագույնս արտահայտում է այն ամենը, ինչ իրականացնում են Հայաստանի կառավարության հետ այստեղ և տարածաշրջանում: Նա հիշեցրեց՝ վերջերս մեկնարկել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը: 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանն էլ ասաց՝ հնարավոր է դարձել քառասուն վարպետի համախմբել մեկ հարթակում, քանի որ նրանց հետաքրքիր են այլ երկրների վարպետների աշխատանքները: «Հրավերները նրանց համար շատ գայթակղիչ են, քանի որ հնարավորություն է տրվում ճանաչելու Հայաստանի ժողովրդական արվեստը: Սա մեզ համար նոր հարթակ է, նոր աստիճան ամեն անգամ փառատոնն ավելի լավը դարձնելու: Հույս ունենք, որ հաջորդ տարի ավելի հետաքրքիր և հագեցած կլինի»,-շեշտեց նա:

«Արուեստ» և «արհեստ» բառերի միջև գրաբարում չկար իմաստային տարբերություն. երկուսն էլ նշանակում էին «հմտություն, ճարտարություն»: Այսօր իմաստները տարբերվում են, սակայն արհեստագործ վարպետների աշխատանքները հաճախ ոչնչով չեն զիջում արվեստի ստեղծագործություններին: Հենց այս գաղափարը հիմք հանդիսացավ ստեղծելու Արհեստների միջազգային փառատոնը: Մեկնարկելով վարպետների քաղաք Գյումրիում, ապա ճանապարհորդելով դեպի Դիլիջան` երրորդ փառատոնը կազմակերպվել է Արենիում: Վայոց ձորի մարզում գտնվող այս գյուղն ընդգրկված է ՀՀ մշակութային տարածքների ցանկում: Այստեղ են հայտնաբերվել աշխարհի ամենահին կոշիկն ու ամենահին գինեգործարանը: 

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից: Գործընկերներ` Արենիի համայնքապետարան, «Արենի վայն» գինեգործարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում