Քաղաքականություն

ԱՄԷ-ն մշտապես ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու իր հանձնառությունը. Էբթեսամ Ալ-Քեթբի

10 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն մշտապես ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու իր հանձնառությունը. Էբթեսամ Ալ-Քեթբի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արաբական Միացյալ Էմիրությունները մշտապես ընդգծել է իր հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Կովկասի երկրների միջև հաղորդակցության նախագծերի ընդլայնումը հզոր խթան է հանդիսանում հավաքական համագործակցության, փոխադարձ հետաքրքրությունների և հակամարտությունների, պառակտման և էսկալացիայի հիմնական պատճառների վերացման տեսանկյունից: 

«Երևանյան երկխոսություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց էմիրաթական Emirates Policy Centre ուղեղային կենտրոնի նախագահ Էբթեսամ Ալ-Քեթբին՝ խոսելով հայ-էմիրաթական հարաբերությունների, Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրադրության, դրա վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված պայմանագրի կնքման հավանականության մասին։

-Որո՞նք էին «Երևանյան երկխոսությանը» մասնակցելու ձեր հիմնական նպատակները, և Ձեր կարծիքով՝ միջոցառումը նպաստե՞ց տարածաշրջանային դիվանագիտությանը:

-«Երևանյան երկխոսությունը» ծառայում է որպես հիմնական հարթակ՝ քննարկելու տարածաշրջանային խնդիրները և գլոբալ մարտահրավերները, ուսումնասիրելու զարգացման հնարավորությունները, նվազեցնելու լարվածությունը և ամրապնդելու դիվանագիտության ու երկխոսության ուղիները: Ես ուրախ եմ լինել այս կարևոր երկխոսության մի մասը և ակտիվորեն մասնակցել դրան՝  լինելով ամբողջ աշխարհից ժամանած քաղաքականություն մշակողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության անդամների և բիզնես առաջնորդների կողքին: 

Աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ հակամարտությունների լույսի ներքո այս երկխոսությունները դարձել են առավել հրատապ, քան երբևէ: Կարևոր է ընդլայնել ջանքերը խաղաղության հաստատման, համագործակցության խթանման, խաղաղ համակեցության առաջմղման և բազմակարծության ու բազմազանության ամրապնդման ուղղությամբ: Նպաստելով դրական գաղափարներին, որոնք պաշտպանում են դեէսկալացիան, հակամարտությունների կարգավորումը և ընդհանուր հիմքերի որոնումը՝ մենք կարող ենք պատրաստվել ավելի լավ ապագայի և արժեքավոր դասեր սովորել: Սա այն է, ինչում ես ցանկանում եմ ներդրում ունենալ՝ մասնակցելով «Երևանյան երկխոսությանը»: 

-Ինչպե՞ս եք տեսնում նման երկխոսությունների դերը տարածաշրջանի երկրների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում:

-Մենք նման հարթակների հրատապ անհրաժեշտություն ունենք։ Աշխարհի շատ տարածաշրջաններում առկա հակամարտությունների պայմաններում դիվանագիտությունը և երկխոսությունը զգալի մարտահրավերների են առերեսվում: Պատերազմները վնասում են բոլորին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու ժողովուրդների շահերից էլ բխում է և առաջ կմղի տարածաշրջանային զարգացումը, համագործակցությունը և կայունությունը: Երկխոսության հարթակները կարող են օգնել մշակել և հակամարտությունների կարգավորման ու բոլոր կողմերի համար փոխշահավետ արդյունքների հասնելու համար արդյունավետ ճանապարհային քարտեզներ առաջարկել։ Այս հարթակները նաև առանցքային դեր են խաղում խաղաղության նախաձեռնություններին նպաստելու համար տարածաշրջանային և միջազգային աջակցություն ստանալու առումով՝ խթանելով վստահությունն ու փոխըմբռնումը, առաջարկելով միջազգային երաշխիքներ և հասցեագրելով անհամաձայնությունները՝ մեթոդաբանական վերլուծության և հավասարակշռված, օբյեկտիվ ու արդար մոտեցումների միջոցով:

-Ինչպիսի՞ն էին այցի ընթացքում Հայաստանի վերաբերյալ Ձեր ստացված տպավորությունները: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների ներկա մակարդակը: 

-Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ բազմաթիվ խոստումնալից հնարավորություններով։  Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն ավելի քան 25 տարվա պատմություն ունեն և երկու ազգերի կողմից էլ բնութագրվում են առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և աշխատանքի ոլորտներում կապերն ամրապնդելու ուժեղ ցանկությամբ և հավակնություններով: Երկու երկրների միջև վիզային պահանջները վերացնելու փոխադարձ որոշումն արտացոլում է նրանց հարաբերությունների խորությունը:  

ԱՄԷ-ում անցկացված COP28 համաժողովի շրջանակներում ԱՄԷ-ի կիբեռանվտանգության խորհրդի և ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով: Երկու երկրների միջև գոյություն ունեն համագործակցության բազմաթիվ լրացուցիչ այլ ոլորտներ, ինչն այս գործընկերության ընդլայնման ներուժի վերաբերյալ լավատեսություն է ներշնչում: 

Երկու երկրների համար կենսական նշանակություն ունի տնտեսական գործընկերության ամրապնդումը, առևտրի ընդլայնման մեխանիզմների մշակումը և մասնավոր հատվածի դերակատարությունը ԱՄԷ-ի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ամրապնդման գործում։

-Ինչպե՞ս եք պատկերացնում ԱՄԷ-ի դերը տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդման գործում:

-Երևանում ԱՄԷ դեսպանությունը մշտապես կոչ է արել «ամրացնել մարդկանց միջև կապերը» և ընդլայնել ԱՄԷ-ի և Հայաստանի միջև մշակութային փոխըմբռնումը: Այն ընդգծել է կամուրջներ կառուցելու շահագրգռվածությունը՝ հեշտացնելու մեր երկու երկրների միջև խոստումնալից փոխանակումները և գործընկերությունը: ԱՄԷ-ի ընդունած արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների տեսլականը հիմնված է այն գաղափարի վրա, որ կայունությունն ու հաղորդակցությունը հանգեցնում են բարգավաճման: Որպես այդպիսին, ԱՄԷ-ն հանդես է գալիս դեէսկալացիայի, հակամարտությունների կանխարգելման և տնտեսական դիվանագիտության ու ռազմական լուծումների շուրջ երկխոսության հետապնդման օգտին: Կարևոր է որդեգրել մոտեցումներ, որոնք նպաստում են համագործակցությանը և կամուրջների կառուցմանը, այլ ոչ թե նպաստում են խոչընդոտներին: 

Անցյալ ապրիլին ԱՄԷ-ն վճռականորեն աջակցեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության կառուցման և խաղաղության ամրապնդման միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ այս առանցքային քայլը կուժեղացնի հաղորդակցությունն ու երկխոսությունը՝ միաժամանակ նպաստելով կայունության և կառուցողական համագործակցության ամրապնդմանը Կովկասում: ԱՄԷ-ն միշտ ընդգծել է իր սերտ և առանձնահատուկ կապերն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և իր հանձնառությունն է արտահայտել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելուն։ ԱՄԷ-ն հաստատապես հավատում է վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար համագործակցության, երկխոսության և կամուրջների կառուցման ուժին։ 

Կովկասի երկրների միջև հաղորդակցության նախագծերի ընդլայնումը հզոր խթան է հանդիսանում հավաքական համագործակցության, փոխադարձ հետաքրքրությունների հասնելու և հակամարտությունների, պառակտման և էսկալացիայի հիմնական պատճառների վերացման համար:

-Ձեր կարծիքով, ո՞ր առանցքային ոլորտներում ԱՄԷ-ն կարող է նշանակալի դեր ունենալ խաղաղության և զարգացման խթանման գործում:

Կովկասում ԱՄԷ-ի աճող շահերը, զուգորդված լինելով այս տարածաշրջանում առանցքային միջազգային դերակատարների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ ունեցած ամուր հարաբերություններով, Աբու Դաբիին դիրքավորում են որպես խաղաղության, կայունության և բարգավաճման պաշտպան: Այս ներգրավվածությունը նպաստում է տարածաշրջանի ավելի լավ ապագային, մի բան, որն ի վերջո կծառայի ԱՄԷ-ի շահերին: Ավելին, ԱՄԷ-ի ներդրումները Կովկասում ընդգծում են նրա հանձնառությունը՝ կայուն խաղաղության հաստատման համար համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ։  

Կովկասում թվային ենթակառուցվածքների ոլորտում ԱՄԷ-ի ներդրումները, ինչպես նաև թվային տնտեսության ոլորտում փորձը կիսելու նրա ջանքերն՝ ուղղված հաղորդակցության նախագծերի զարգացմանը, կամուրջներ կառուցելուն և ապագային պատրաստվելուն, ավելի լայն նախաձեռնության ընդամենը մի քանի օրինակ են: Կիսելով կառավարման, հանրային ​​կառավարման, տնտեսական զարգացման, ներդրումների դիվերսիֆիկացման և գործընկերության կառուցման իր փորձը՝ ԱՄԷ-ն նպատակ ունի հաղթահարել վեճերը և նպաստել այս տարածաշրջանի ժողովուրդների համար ավելի լավ ապագային: 

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում