Իրան

Իրանը խոստացել է համաչափ պատասխան տալ պատժամիջոցների վերաբերյալ «եվրաեռյակի» հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Իրանը խոստացել է համաչափ պատասխան տալ պատժամիջոցների վերաբերյալ «եվրաեռյակի» հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը համաչափ պատասխան կտա Բեռլինի, Լոնդոնի և Փարիզի հայտարարությանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ վաճառքի պատճառով իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Եվրոպական երեք երկրների այս քայլը Իրանի ժողովրդի դեմ Արևմուտքի թշնամական քաղաքականության և տնտեսական ահաբեկչության շարունակությունն է, որը կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից պատշաճ և համաչափ գործողությունների», - Քանանիի խոսքերը մեջբերում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական Telegram ալիքը։

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ի կայքում հրապարակվել էր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը, որում երեք երկրների կառավարություններն Իրանին սպառնում էին նոր պատժամիջոցներով, ներառյալ օդային հաղորդակցությունների երկկողմ համաձայնագրերի չեղարկմամբ՝ Թեհրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարման պատճառով:

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը դատապարտել է «եվրաեռյակի» հայտարարությունը, այդ թվում՝ Iran Air ավիաընկերության դեմ պատժամիջոցներ սահմանելու մտադրության վերաբերյալ, ընդգծելով, որ Թեհրանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռներ վաճառելու մասին ցանկացած հաղորդագրություն «բացարձակապես չհիմնավորված և կեղծ է»։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում հայտնել է, որ Իրանի կողմից «ոչ մի հրթիռ չի ուղարկվել Ռուսաստան», և որ այդ հայտարարությունները «հոգեբանական պատերազմի» ձևերից մեկն են։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանին «որևէ սպառազինություն մատակարարելու մասին» խոսակցությունները ոչ մի հիմք չունեն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում