Իրավունք

Կրկնակի բարձրացվել է ավտոապահովագրական փոխհատուցման առավելագույն սահմանաչափը․ կարգավորումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 18-ին

2 րոպեի ընթերցում

Կրկնակի բարձրացվել է ավտոապահովագրական փոխհատուցման առավելագույն սահմանաչափը․ կարգավորումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խցանումների նվազեցման, երթևեկության արդյունավետության բարձրացման և երթևեկության հոսքի բարելավման նպատակով ՆԳ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի համագործակցության արդյունքում իրականացվել են ճանապարհային ապահովագրական հատուցումների հետ կապված փոփոխություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200 000 դրամի փոխարեն՝ 400 000 դրամ։

Ըստ աղբյուրի՝ համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։

Նշվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։

ՀՀ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավորինս արագ կողմնորոշվել իրենց հետագա քայլերում, նաև ԱՊՊԱ ընկերության հետ արագ կոորդինացնել գործընթացը և համաձայնության գալ։ Նախարարության հավաստմամբ՝ համաձայնության չգալու դեպքում պարեկային կարգախումբը խցանումներ չառաջացնելու նպատակով օպերատիվորեն կմոտենա պատահարի վայր։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ պարեկային կարգախմբի՝ պատահարի վայր մոտենալու և պատահարի վայրում կատարվող գործողությունների համար անհրաժեշտ ժամանակը կրճատելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում