Քաղաքականություն

Անընդունելի է երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը․ Միրզոյանն անդրադարձել է հաղորդակցությունների անվտանգության ապահովմանը

2 րոպեի ընթերցում

Անընդունելի է երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը․ Միրզոյանն անդրադարձել է հաղորդակցությունների անվտանգության ապահովմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ տարածաշրջանային  հաղորդակցությունների ապաշրջափակման կոնտեքստում Հայաստանի տարածքում երրորդ ուժերի կողմից վերահսկողության իրականացումը բացառվում է։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակման շրջանակներում դրանց անվտանգության ապահովումը որևէ մասնավոր ընկերության տրամադրելու հավանականության վերաբերյալ հարցին։   

ՀՀ ԱԳ նախարարը զարմանք արտահայտեց, թե ինչպե՞ս է իրողությունը փոփոխությունների ենթարկվում՝ հիմնվելով տարբեր հոդվածների կամ էլ փորձագետների կարծիքների վրա և վերածվում մի տեղեկության, որն իրականության հետ որևէ կապ չունի։

«Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում, և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում, և մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեզ համար դա անընդունելի է։ Մեր այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել», - ընդգծեց Միրզոյանը։ 

Նա նշեց, որ խոսքն իրականում այլ բանի մասին է․ 

«Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերության, որը գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է, և դա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն»,- պարզաբանեց նախարարը։

Նա հավելեց, որ ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում՝ երկաթուղու երկայնքով տեղակայվելիք ո′չ պետական երրորդ կողմի, ո′չ մասնավոր երրորդ կողմի ներկայությունը Հայաստանի համար ընդունելի չի եղել և հիմա էլ ընդունելի չէ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում