ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար կասկածվող անձի ձերբակալման մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի, Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ է։

«Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ 2024թ.  սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերջինս եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել է Նալբանդյան բնակավայր: 

Նկատելով ոստիկաններին՝ նշված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից անսպասելի սկսել է անկանոն կրակահերթ արձակել ոստիկանների ուղղությամբ, որի պատճառով ոստիկաններից երկուսը ստացել են հրազենային վնասվածքներ, իսկ կրակոցներ արձակած անձը դիմել է փախուստի՝ իր հետ տանելով նաև ինքնաձիգը: 

Հրազենային վնասվածքներ ստացած ոստիկաններն անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը ստացված մարմնական վնասվածքներից մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են պարկուճներ: Ոստիկանները ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում, դեպքից հաշված ժամեր անց, ենթադրյալ հանցագործություն կատարող անձը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունքներ։  Հայտնաբերվել և առգրավվել է նաև հանցագործության գործիք` «AK -74» տեսակի ինքնաձիգը՝ լիցքավորված 10 փամփուշտներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ։

Ըստ  աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի

Էկոպարեկային ծառայության 4 պաշտոնյա ձերբակալվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Թեհրանը չի հանդուրժի ԱՄՆ-ի ծովային շրջափակումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Կասեցվել է Երևանի Անդրանիկի 73/1 հասցեում գործող «88» սուպերմարկետի հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ