Մշակույթ

«Նարեկացի» արվեստի միությունը տոնեց 20-ամյակը

4 րոպեի ընթերցում

«Նարեկացի» արվեստի միությունը տոնեց 20-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Յուրաքանչյուր հայ ունի առաքելություն և պարտավորություն. ծառայել Աստծուն և հայրենիքին, դրանից կարևոր և առաջնային ոչինչ չկա: Այդ մասին իր խոսքում ասաց ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը նվիրված միջոցառման ժամանակ:  

Ողջույնի իր խոսքում «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք 20 երկար ու ձիգ տարիներ միության կողքին են եղել, որոնց միջոցով կյանքի են կոչվել բազմաթիվ կարևոր մշակութային ծրագրեր: 

Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը խաչքարեր նվիրեց Վահան Արծրունուն, Ջոն Հոդյանին, «Փարոս» կամերային երգչախբին, «Նարեկացի»  նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյանին, պարուհի, իրավաբան Մարիաննա Պողոսյանին: 

ՆԱՄ հիմնադիրը նվերներ հանձնեց նաև ՀՀ-ում Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին, ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսին, որոնք իրենց ներկայությամբ պատվել էին ՆԱՄ 20-ամյակին նվիրված միջոցառումը: 

Համերգային ծրագրում հնչեցին հատվածներ՝ Վահան Արծրունու «Կոմիտաս․ Տասը հայտնություն» ձայնասկավառակից, հատվածներ «Նաղաշ» անսամբլի  «Կարոտի երգեր» շարքից (խոսք՝ Մկրտիչ Նաղաշի, երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի): Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյան) և «Նարեկացի»  նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր) կատարեցին հոգևոր և ժողովրդական ստեղծագործություններ: 

Մենակատարներ՝ Քնար Հարթունյան, Նովա Հարթունյան, Լուսին Վանես, Սմբատ Խալաթյան, Հարություն Մուրադյան:

Անակնկալ երաժշտական կատարմամբ հանդես եկավ Մարիաննա Պողոսյանը: Ներկաները հնարավորություն ունեցան վայելելու «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին նվիրված հոլովակը:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեցին հայ նշանավոր  գեղանկարիչներ և քանդակագործներ  Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի և Սամվել Թավադյանի աշխատանքները: Ցուցադրվեցին նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի լուսանկարչական աշխատանքները:

Համերգային ծրագրի ավարտին հնչեց Սմբատ Խալաթյանի՝ «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին: 

«Նարեկացի» արվեստի միությունը (ՆԱՄ) բարեգործական հիմունքներով գործող և շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Կրելով սուրբ Գրիգոր Նարեկացու անունը և առաջնորդվելով հոգևորի խորհրդով՝ միությունը կոչված է ծառայելու հայ արվեստին, մշակույթին և հոգևոր արժեքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում