Հայաստան

«ՀայՀիդրոմետ»-ը շուտով օդի որակի մոնիթորինգի միջազգային չափանիշներին համապատասխանող 2 դիտակայան կունենա

4 րոպեի ընթերցում

«ՀայՀիդրոմետ»-ը շուտով օդի որակի մոնիթորինգի միջազգային չափանիշներին համապատասխանող 2 դիտակայան կունենա

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացվում է 11 բնակավայրերում, ինչպես նաև մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածության մոնիթորինգի Ամբերդի կայանում՝ ընդհանուր առմամբ 16 անշարժ կայանի և 214 ոչ ստացիոնար դիտակետերի միջոցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մաքուր օդի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ սեպտեմբերի 6-ին կայացած հանդիպմանն ՇՄՆ «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Անշարժ դիտակայաններում իրականացվում են փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդների, գետնամերձ օզոնի  ամենօրյա, իսկ պասիվ նմուշառման կետերում ազոտի ու ծծմբի շաբաթական դիտարկումներ։ Ներկայում օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին թե կիրառվող տեխնոլոգիաների, թե դիտարկվող պարամետրերի և դիտակետերի քանակի տեսանկյուններից։ Մոնիթորինգն իրականացնում է նմուշառում՝ այնուհետև` լաբորատոր անալիզներ, ինչի պատճառով օդի որակի մասին հանրությունը տեղեկացվում է առնվազն մեկ օր հետո։ Յուրաքանչյուր աղտոտիչի դեպքում ստացվում է օրվա համար մեկ արժեք և հնարավոր չի լինում գնահատել աղտոտվածության վիճակն օրվա տարբեր ժամերին»,-ներկայացրեց Ազիզյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր չի լինում պարզել նաև օրվա ընթացքում դիտված առավելագույն աղտոտվածությունը և ժամանակահատվածը։ 

Ըստ բանախոսի՝ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը թույլ չի տալիս գնահատել մթնոլորտի վրա վնասակար ազդեցությունը բոլոր աղտոտիչերի մասով։ Օրինակ՝ ավտոտրանսպորտի արտանետումների զգալի մասը կազմում է ածխածնի մոնօքսիդ, ինչը համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով ընդհանրապես չի որոշվում։ Բացի այդ, մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական և կարևոր ցուցանիշներ համարվող որոշ արտանետումներ՝ շինարարությունից, ավտոտրանսպորտից, վառելանյութի այրումից, նույնպես հնարավոր չէ որոշել՝ կրկին սարքավորումների բացակայության պատճառով։ 

«ՀայՀիդրոմետ»-ի տնօրենը հայտնեց, որ մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումները ժամանակակից տեխնոլոգիաներով իրականացնելու, ՀՀ և միջազգային չափանիշներին,մասնավորապես՝ ԵՄ դիրեկտիվի պահանջներին համապատասխանեցնելու համար, 2020 թվականին Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Եվրոպական միությունը կլիմայի փոփոխության համար» ՄԱԶԾ-ԵՄ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությանը պատվիրվել է մշակելու Հայաստանում օդի մոնիթորինգի բարելավման հայեցակարգ։ Ըստ այդմ՝ օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման ճանապարհային քարտեզով առաջարկվում է նվազագույնը 6 ավտոմատ դիտակայան Երևանի համար, ինչպես նաև 10-ը՝Գյումրի, Ալավերդի, Վանաձոր,Կապան, Քաջարան,Արարատ, Հրազդան  քաղաքներում։ 

Հայեցակարգի հիման վրա ՀՀ կառավարությունը 2024 թվականին  Շրջակա միջավայրի նախարարությանը հատկացրել է միջազգային չափանիշներին համապատասխան 2 դիտակայանի ձեռքբերման համար՝ յուրաքանչյուրը 150 միլիոն դրամ արժողությամբ։

Ինչպես նշեց Ազիզյանը՝ ընթացիկ տարվա օգոստոսի 9-ին հաղթող կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որը պարտավորվել է 26 շաբաթվա ընթացքում մատակարարել սարքավորումները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում