Հայաստան

ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրենը Հայաստանում այցելել է անտառտնկման, «Կայուն դպրոցական սնունդ»-ի և խաղողագործության ծրագրերի գործընկերներին

4 րոպեի ընթերցում

ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրենը Հայաստանում այցելել է անտառտնկման, «Կայուն դպրոցական սնունդ»-ի և խաղողագործության ծրագրերի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան  կատարած եռօրյա այցի ընթացքում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության և կազմակերպության գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուն ընդգծել է, որ երկիրը կարող պարծենալ իր հզոր բնական ռեսուրսներով, որոնք կարող են օգտագործվել գյուղական համայնքներում եկամուտներն ավելացնելու և ֆերմերների ապրուստը բարելավելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ ՊԳԿ-ի մամուլի ծառայությունը։ 

«Ագրոանտառային տնտեսության զարգացմանն ուղղված  նախաձեռնությունները խոստումնալից են։ Ֆերմերները, այսպես ասած, երկու հիմնական «ղեկավար» ունեն՝ տնտեսությունը և շրջակա միջավայրը»,- նշել է նա Հրազդանի մերձակայքում ՊԳԿ-ի աջակցությամբ հիմնած անտառային տնկարաններ այցելության ժամանակ՝  ընդգծելով այս հարցում  հավասարակշռության կարևորությունը։ 

Առողջ անտառների խթանումը կարող է նպաստել տնային տնտեսությունների եկամուտների ավելացմանն ու միջավայրի բարելավմանը, որը համահունչ է ՊԳԿ-ի «Չորս ավելի լավ սկզբունքներին», այն է՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք բոլորի համար՝ ոչ ոքի հետ չթողնելով։ 

Հրազդանի անտառտնտեսություն այցի ընթացքում ՊԳԿ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը։

Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային 35 թեժ կետերից մեկն է, և երկրի անտառները բարեխառն բիոմներում ամենավտանգված էկոհամակարգերից են։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ութամյա ծրագիր։ Այն առաջինն է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, որն ուղղված է երկրում անտառների դիմադրողականության բարելավմանը:

1993թ-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ՊԳԿ անդամ, ՊԳԿ-ն հաջողությամբ համագործակցում է կառավարության և ազգային այլ կարևոր դերակատարների հետ մի շարք ոլորտներում։ Եվ այսօր արդեն տասնյակ ծրագրեր են իրականացվել՝ սկսած հայկական առասպելական խաղողի և ծիրանի կոլեկցիոն այգիների հիմնումից մինչև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: 

Երկուշաբթի օրը, ՄԱԿ ՊԳԿ Գլխավոր տնօրենը էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հանդիպել է առաջին կուրսի ուսանողների հետ՝ ներկայացնելով ՊԳԿ-ի և Հայաստանի միջև երկարատև համագործակցությունը և ընդգծել գիտության, նորարարության և թվային տեխնոլոգիաների կարևորությունն ագրոպարենային համակարգերի փոխակերպման և ժամանակակից գյուղատնտեսության խնդիրներին դիմակայելու գործում։

ՊԳԿ-ն աշխատում է համալսարանի հողերի փորձարկման լաբորատորիայի հետ՝ RECSOIL նախաձեռնության միջոցով՝ կենտրոնանալով հողերը օրգանական ածխածնով հարստացնելու և տվյալների ընդլայնման վրա ու ակնկալում է խորացնել համագործակցությունը համալսարանի՝ երկրի առաջնակարգ ագրարային բարձրագույն ուսումնական հաստատության հետ:

Գլխավոր տնօրենն այնուհետև մեկնել է Արարատի մարզ՝ ստուգելու ՊԳԿ-ի կողմից իրականացված «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որը ներառում է ջերմոցային, ինչպես նաև մրգերի չորացման (չրերի) աշխատանքներ: 

Ավելի ուշ նա այցելել է խաղողի այգի։ ՊԳԿ-ն ունի Հայաստանին աջակցման  վաղեմի պատմություն վերականգնելու 8000-ամյա խաղողագործության պատմությունը։ Հայաստանն ունի բազմաթիվ տեղային (լոկալ) սորտեր, որոնցից շատերը, սակայն, անհետացման վտանգի տակ են: «Երկրում գինու արտադրության առաջխաղացման համար կարևոր է կենտրոնանալ խաղողի սորտերի գենետիկական գնահատման վրա», - ասել է Չյուն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում