Մերձավոր Արևելք

Իսրայելի պաշտպանության նախարարությունը 500 միլիոն դոլար է տրամադրում ստարտափներին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության նախարարությունը 500 միլիոն դոլար է տրամադրում ստարտափներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող ստարտափները կես միլիարդ դոլարի ներդրումներ են ստացել Գազայի հատվածում ընթացող պատերազմի ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին The Jerusalem Post պարբերականին հայտնել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Իսրայելի ՊՆ պլանավորման, տնտեսության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար գնդապետ Նիր Ուեյնգոլդը պարբերականին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը և Ասիայում հնարավոր հակամարտությունները հանգեցրել են Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճի՝ չնայած Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների քննադատությանը։

Այդ կապակցությամբ Իսրայելի բանակը սկսել է խոստումնալից ստարտափներին աջակցելու հատուկ ծրագիր։ Ուեյնգոլդի խոսքով՝ ներկայում նախարարությունը համագործակցում է 270 ստարտափի հետ, որոնցից 100-ը անմիջականորեն ներգրավված են ծրագրում։

Այս ընկերությունները չորսից վեց ամսով մասնակցում են պիլոտային ծրագրին, իսկ այն ստարտափները, որոնք հաջողություն են գրանցում այս փուլի ընթացքում, անցնում են իրենց համակարգերի ինտեգրման փուլին՝ միևնույն ժամանակ պահպանելով իրենց մտավոր սեփականության իրավունքները։ 

Մշակումներից մեկն, ըստ Ուեյնգոլդի, ռոբոտ է, որն ունի ցանկացած բարդության ստորգետնյա թունելներում մանևրելու և իրական ժամանակում նկարահանվող տեսանյութը հեռարձակելու հնարավորություն: Մեկ այլ ընկերություն ներկայացրել է տվյալների վերլուծության առաջադեմ համակարգ, որը թույլ է տալիս հայտնաբերել ֆինանսական հանցագործությունները և նույնականացնել սոցիալական հարթակներում ազդեցության ցանցերը: Ստարտափներից մեկն էլ ակնոց է մշակում, որը թույլ է տալիս իրական ժամանակում փոխանցել վիզուալ տվյալներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում