Աշխարհ

Կիսիդան հրաժեշտի այցով գտնվում է Սեուլում

2 րոպեի ընթերցում

Կիսիդան հրաժեշտի այցով գտնվում է Սեուլում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հրաժեշտի այցով մեկնել է Սեուլ, որտեղ հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Korea Herald պարբերականը։ 

Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության դինամիկան պահպանելու կարևորությունը։ Սեուլը և Տոկիոն նաև համաձայնագիր են կնքել համագործակցության ամրապնդման շուրջ՝ ուղղված արտերկրում իրենց քաղաքացիների պաշտպանությանը։

Բանակցությունների ընթացքում Յուն Սոկ Յոլը գոհունակություն է հայտնել, որ Կիսիդան իր պաշտոնավարման ժամկետի ավարտից առաջ այցելել է Սեուլ՝ նշելով, որ դա «ակնհայտորեն ցույց է տալիս նրա լուրջ հանձնառությունը Կորեա-Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը»։

Կիսիդան իր հերթին կարևորել է երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը՝ նշելով, որ չնայած պատմական և ներկայում գոյություն ունեցող խնդիրներին, հարկավոր է «Կորեայի հետ համագործակցությամբ առաջ շարժվել դեպի ավելի պայծառ ապագա»։

Օգոստոսին Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ սեպտեմբերին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար, հետևաբար, երկիրը ստիպված կլինի նաև նոր վարչապետ ընտրել։ Կիսիդան Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ էր ընտրվել 2021 թ. սեպտեմբերին՝ երեք տարով, որից հետո էլ հաղթել էր համընդհանուր ընտրություններում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում