Քաղաքականություն

ՀՀ դեսպանը Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանն ընդգծել է հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։

«Դեսպանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, սահմանազատման գործընթացը և Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան այն իրականացնելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող քայլերը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց օր առաջ ազատ արձակելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Թեոդորա Բակոյանին շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար և անդրադարձել միջխորհրդարանական շփումների կարևորությանը երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության խթանման գործում։ 

ՀՀ դեսպանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանում և տարածաշրջանում վերջին զարգացումները։ 

Քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի ակտիվացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում