Եվրոպա

Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշել են համաձայնագիր ստորագրել ԱԲ-ի ստանդարտների վերաբերյալ. FT

3 րոպեի ընթերցում

Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշել են համաձայնագիր ստորագրել ԱԲ-ի ստանդարտների վերաբերյալ. FT

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են առաջին միջազգային համաձայնագիրը ստորագրել արհեստական բանականության (ԱԲ) կիրառման վերաբերյալ, որը պարտադիր իրավաբանական ուժ կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT)։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը Եվրոպայի խորհրդի փաստաթղթի մասին է, որը «երկու տարվա ընթացքում մշակվել է ավելի քան 50 երկրի, այդ թվում՝ Կանադայի, Իսրայելի, Ճապոնիայի և Ավստրալիայի ներկայացուցիչների կողմից»։

Համաձայնագիրն ստորագրած բոլոր կողմերը «պատասխանատվություն են կրելու ԱԲ-ի համակարգերում ցանկացած վնասաբեր կամ խտրական բովանդակության նյութերի համար»: Դրան համապատասխան՝ արգելվում է այնպիսի նյութերի տեղադրումը, որոնք խախտում են հավասարությունը և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։

Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարար Փիթեր Քայլը, «նորարարությունները զարգանում են նույնքան արագ, որքան արհեստական ​​բանականությունը, և շատ կարևոր է, որ մենք նմանատիպ առաջին քայլը կատարենք ամբողջ աշխարհում»: 

«Սա առաջին (համաձայնագիրն) է աշխարհում, որն իրական միջոցներ է նախատեսում (այս ոլորտում) և միավորում շատ տարբեր երկրներ», - ասել է Քայլը:

Ըստ հրապարակման՝ պայմանագրի նախագիծը պատրաստվել է կառավարությունների կողմից բազմաթիվ նոր կանոնների, պարտավորությունների և համաձայնագրերի մշակման ֆոնին` «արհեստական ​​բանականության արագ զարգացող ծրագրային ապահովումը վերահսկելու համար»: Դրանք ներառում են Արհեստական բանականության մասին եվրոպական օրենքը (2024 թ.) և Մեծ յոթնյակի համաձայնագիրը, որը համաձայնեցվել է 2023 թ. հոկտեմբերին:

Եվրոպական արժեքների և տեղեկատվական թափանցիկության հարցերով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան հայտարարել է, որ «միջազգային բազմաթիվ գործընկերներ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը»։ ԵՀ փոխնախագահը հավելել է, որ նոր փաստաթուղթը «կարևոր քայլեր է նախատեսում արհեստական ​բանականության հավելվածների նախագծման, մշակման և օգտագործման համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում