Քաղաքականություն

Ամեն ինչ արվելու է ի շահ ՀՀ քաղաքացիների․ քաղաքագետը ԵՄ երկրների ու Հայաստանի միջև վիզաների ազատականացման մասին

6 րոպեի ընթերցում

Ամեն ինչ արվելու է ի շահ ՀՀ քաղաքացիների․ քաղաքագետը ԵՄ երկրների ու Հայաստանի միջև վիզաների ազատականացման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու փաստն ակնհայտորեն ցույց է տալիս Եվրոպայի համակրանքն ու դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Սկսելով այդ գործընթացը՝ ԵՄ-ն ևս մեկ անգամ Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ և ինտեգրվող երկիր, որի տեղը Եվրոպայում է։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ԵՄ խորհրդի որոշմանը։    

«Վիզաների ազատականացումն ունի բազմաթիվ դրական կողմեր և ի ցույց է դնում ԵՄ-ի  հետ ինտեգրվելու առավելություններն ու համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ Առաջին հերթին ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգվածի համար կարիք չի լինի անլեգալ ճանապարհով մեկնել Եվրոպա և ստիպված մնալ այնտեղ, որովհետև դուրս գալու դեպքում այլևս վերադառնալու հնարավորություն չի լինի։ Մարդիկ նույնիսկ անհրաժեշտության դեպքում կարող են մեկնել եվրոպական երկրներ՝ սեզոնային աշխատանքներ կատարելու նպատակով, ինչպես անում են Վրաստանի քաղաքացիներն առանց մեծ խոչընդոտների։ Առավելությունները վերաբերում են ոչ միայն ճամփորդություններին, այլև հումանիտար, սոցիալական խնդիրների լուծմանը։ Ամեն ինչ արվելու է ի շահ ՀՀ քաղաքացիների»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այդ քայլը շատ կարևոր է նաև բիզնեսի համար, որովհետև առևտրային գործնական կապերի զարգացումն առանց ազատ տեղաշարժերի շատ խնդրահարույց է, հետևաբար վիզաների ազատականացումը նպաստելու է գործարար մթնոլորտի խթանմանը մեր հարաբերություններում։     

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ նմանատիպ պայմանագիր կար նաև Ադրբեջանի հետ, սակայն  դրա բազում դրույթներ կասեցվել են՝ կապված Բաքվի պահվածքի հետ և՛ արցախահայության հարցում, և՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաև հարևան երկրում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման բազում դեպքերի առումով։ 

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հաշվի՞ են առնվում հնարավոր ռիսկերը՝ անօրինական միգրացիան և բարեփոխումների ձախողումը, քաղաքագետն ընդգծեց, որ, օրինակ, անօրինական միգրացիայի հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս մարդկանց՝ լեգալ ճանապարհով սահմանն անցնելու անկարողությունից։ 

«Մարդկանց մի մասը գնում է ապօրինի ճանապարհով ու Եվրոպայում գտնվում է ոչ լեգալ վիճակում։ Նրանց վարձատրությունը շատ ցածր է, որովհետև իրավունքներ չունեն և չեն կարող ազատ վերադառնալ Հայաստան, որովհետև հետ գնալը մեծ խնդիր է։ Վիզաների ազատականացումը միանշանակ չի նպաստում անօրինական միգրացիային, ճիշտ հակառակը՝ նպաստում է մարդկանց հոսքերի ու տեղաշարժերի օրինականացմանը։ Ինչ վերաբերում է բարեփոխումների հնարավոր ձախողմանը, ապա այդ ամենը դիտարկվում է ընդհանուր փաթեթի մեջ, որի շրջանակային հայտարարությունը ստորագրվել է ապրիլի 5-ին։ ԵՄ-ի հետ ունենք նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը։ Այն պարտավորությունները, որ ստանձնել է Հայաստանը, պետք է անշեղորեն իրականացնի։ Հակառակ դեպքում վիզաների ազատականացում չի լինի»,- ասաց մեր զրուցակիցը։   

Նրա դիտարկմամբ՝ այստեղ առկա են նաև տեխնիկական անփութության ու անկարողության որոշակի տարրեր, քանի որ մինչ օրս չենք կարողացել լուծել, օրինակ, բիոմետրիկ անձնագրերի հարցը։ Մյուս կողմից կան նաև պահանջներ մեր օրենսդրության ոլորտում իրականացվող փոփոխությունների առումով։  

«Հայաստանը համաձայն է, մնում է, որ կարողանա այդ փաթեթն իրականացնել։ Բայցևայնպես, չեմ կարծում, որ Վրաստանում այդ փաթեթն իրականացնելու հնարավորություններն ավելի մեծ էին, քան Հայաստանում։ Նշանակում է, որ հնարավոր է իրականացնել նույն  գործընթացը նաև մեզ մոտ»,- նշեց քաղաքագետը։

Հովհաննիսյանի պատկերացմամբ՝ եթե խոսում են վիզաների ազատականացման մասին, ուրեմն ընդունում են, որ մեր երկրում առկա է մարդու իրավունքների պաշտպանության առումով առնվազն միջին մակարդակի դրական մթնոլորտ։  

«Բնականաբար, ԵՄ երկրներում ապաստան խնդրելու դիմումներն ավելի հաճախակի են մերժվելու, որովհետև Հայաստանը պետք է խաղա նոր կանոններով ու ապահովի իր քաղաքացիների իրավունքների լիարժեք իրականացումն ու պաշտպանությունը։ Ինքնին հասկանալի է, որ կան մարդիկ, որոնց համար ապաստան խնդրելը պարզապես պատրվակ է, քանզի նրանց համար այստեղ որևէ սպառնալիք չկա։ Խոսքը ոչ բոլոր մարդկանց մասին է, և ես չեմ կարծում, որ զեղծարարությունների դիմող անձանց նկատմամբ վերաբերմունքը Եվրոպայում լինելու է մեղմ»,- պարզաբանեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ նույնիսկ վիզաների ազատականացման պարագայում իրավակարգավորումները դեռ կունենան որոշակի սահմանափակումներ։ 

«Չմոռանանք, որ ԵՄ ընդհանուր կարգավորումներից զատ, կան նաև առանձին երկրների կարգավորումներ, որոնք ՀՀ քաղաքացիների համար կարող են մի քիչ ավելի խիստ կամ մեղմ լինել։ Սահմանափակումների առկայությունը նրա համար է, որ չստեղծվի այնպիսի իրավիճակ, որ մարդը երբ ուզի գնա և այնտեղ զբաղվի ինչով ասես։ Այդուհանդերձ, այդ խնդիրը լուծվելու է անհամեմատ հեշտ ձևով և անհրաժեշտություն չի լինի դեսպանատների առջև տևական ժամանակ կոշիկներ մաշել»,- եզրափակեց քաղաքագետը։   

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում