Մարզեր

Ջրառատում շահագործման հանձնվեց նոր մանկապարտեզ

2 րոպեի ընթերցում

Ջրառատում շահագործման հանձնվեց նոր մանկապարտեզ

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պետություն-համայնք համագործակցության արդյունքում սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզ։ Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 247 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը կյանքի կոչվեց երկու փուլով: Սուբվենցիոն այս ծրագրի արդյունքում 50 երեխա լիարժեք պայմաններում կստանա նախադպրոցական կրթություն։ 

Նորակառույց մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը  ներկա էին  Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։ Մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է երկու փուլով։ Գումարի առաջին փուլի 60 տոկոսը և երկրորդ փուլի 70 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած մասը՝ համայնքը։

Սուբվենցիոն ծրագրով իրականացվել են հողային և հիմքերի կառուցման, արտաքին պատերի շարվածքի՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցման, դռների ու պատուհանների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքներ։   

«Մեր կառավարությունը լայնամասշտաբ ծրագիր է սկսել։ Խոսքս «300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին» է վերաբերում։ Ասում են, երբ համայնքը, բնակավայրը ունի զարգացած ենթակառուցվածքներ և կրթական հաստատություններ, նրա զարգացման ուղին առավել հարթ է ընթանում։ Հավատացած եմ՝ Ջրառատում հենց այդպես էլ լինելու է»,-ողջունելով ու շնորհավորելով համայնքի բնակիչներին՝ նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: 

Շուրջ 400 քառակուսի մետր տարածքով լուսավոր ու հարմարավետ մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար, հագեցած է անհրաժեշտ գույքով, նյութատեխնիկական բազայով: Առկա է ոռոգման ցանցով ապահովված մեծ բակ, ապաստարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում