Հայաստան

Նուբար Աֆեյանի հիմնադրած կազմակերպությունը հայտնել է Հայաստանում նոր նախաձեռնության մեկնարկի մասին

5 րոպեի ընթերցում

Նուբար Աֆեյանի հիմնադրած կազմակերպությունը հայտնել է Հայաստանում նոր նախաձեռնության մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Afeyan Philanthropies կազմակերպությունը, որի առաքելությունն է ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ գտնելը, այսօր հայտարարել է Afeyan Initiatives for Armenia (AIFA, Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար) նախաձեռնության մեկնարկի մասին: Հիմնադրամի առաքելությունը առավել կենսունակ, տոկուն եւ բարգավաճ Հայաստան կառուցելու գործին նպաստելն է:  Շարունակելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական և մարդասիրական գործունեությունը ՝ AIFA-ն հանդիսանալու է Հայաստանում ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, AIFA զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել հասարակական կազմակերպություններում կառավարման փորձառու ղեկավար Դալար Կազանջյանը:

Նա ռազմավարական տեսանկյունից կգնահատի եւ կներկայացնի Հայաստանի զարգացման կարիքները եւ կյանքի կկոչի անհրաժեշտ լուծումներ՝ իրենց գործունեության հիմքում համապատասխան առաքելություն ունեցող կազմակերպությունների հետ եւ աջակցությամբ: Դալար Կազանջյանը միանում է AIFA զարգացման հիմնադրամի գործառնությունների գծով տնօրեն Դավիթ Թադեւոսյանին, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխատանք է տարել  կազմակերպությունը Հայաստանում հիմնելու ուղղությամբ:

«Ավելի քան երկու տասնամյակ մեր ջանքերն ուղղել ենք Հայաստանի կայուն ապագային. ապագա, որտեղ խրախուսում են նորարարությունը, խթանում ներառականությունը եւ առաջնահերթություն տալիս բոլոր քաղաքացիների բարեկեցությանը»,- նշել են Afeyan Philanthropies կազմակերպության հոգաբարձուներ Նուբար եւ Աննա Աֆեյանները: «AIFA նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք ամրապնդելու մեր կատարած աշխատանքը, իրականացնելու նոր ծրագրեր եւ համագործակցելու նոր գործընկերների հետ՝ ընդլայնելու նախաձեռնությունների ազդեցությունը: Օգտագործելով տարբեր շահագրգիռ կողմերի հավաքական փորձը եւ ռեսուրսները՝ մենք ձգտում ենք դրական փոփոխություններ իրականացնել Հայաստանի բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ առողջապահության, գիտության եւ տեխնոլոգիաների, ինչպես նաեւ արվեստի»:

Նրանք նաեւ ավելացրել են. «Դալարն ունի երկարամյա տպավորիչ աշխատանքային փորձ և  առաջնորդության մեծ փորձ՝ զարգացման եւ բարեգործության ոլորտներում Հայաստանում եւ տարբեր երկրներում: Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի տնտեսական եւ հասարակական կարիքների բավարարմանն ուղղված Դալարի գործունեության դրական ազդեցությանը եւ նմանատիպ նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը»:

Afeyan Initiatives for Armenia (AIFA) նախաձեռնությունը (Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար) Afeyan Philanthropies կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն է: Հիմնվելով Աֆեյանների ընտանիքի կողմից ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում իրականացված բարեգործական նախաձեռնությունների վրա՝ AIFA-ն կդառնա Հայաստանում Աֆեյանների ընտանիքի ընթացիկ եւ ապագա զարգացման նախաձեռնությունների համար ռազմավարական եւ գործառնական կենտրոն: Afeyan Philanthropies կազմակերպությունն այս պահին ամբողջովին կամ մասամբ ֆինանսավորում և իրականացնում է հետևյալ ծրագրերը՝ «Հայաստան 2041» հիմնադրամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամ, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամ, «ՀԵՆԱՐ» հիմնադրամ եւ «Հայկական Հոգեւոր վերականգնման» հիմնադրամ:

AIFA զարգացման հիմնադրամը ձգտում է խթանել կրթությունը, նորարարությունն ու ձեռներեցությունը եւ կայուն զարգացումը Հայաստանում: Նպատակն է ռազմավարական նախաձեռնությունների եւ համագործակցությունների միջոցով հասնել դրական փոփոխությունների տարբեր ոլորտներում՝ կենտրոնանալով կրթության, տեխնոլոգիաների, ձեռներեցության, առողջապահության, մշակույթի եւ մարդասիրության վրա:

Հայաստանի ապագայի՝ հիմնադրամի տեսլականը ենթադրում է բարգավաճ եւ կայուն միջավայր գալիք սերունդների համար, որտեղ առաջնահերթ են կայուն զարգացումը, մշակութային կենսունակությունը, բարեկեցությունը եւ Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում