Մշակույթ

Հայաստանի գյուղական և քաղաքային ֆոլկլորը՝ մեկ տեղում․ Դիլիջանում կանցկացվի Արհեստների ու արվեստների փառատոնը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի գյուղական և քաղաքային ֆոլկլորը՝ մեկ տեղում․ Դիլիջանում կանցկացվի Արհեստների ու արվեստների փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գյուղական և քաղաքային ֆոլկլորը, արհեստի, արվեստի նմուշները, ինչպես նաև ազգային խոհանոցը մեկ տեղում ներկայացնելու համար Դիլիջանում սեպտեմբերի 7-ին կանցկացվի Արհեստների ու արվեստների փառատոնը։ Հայաստանի բոլոր մարզերը, տարբեր համայնքները կներկայացվեն առանձին տաղավարներով։ Մեկ վայրում ներկայացվելու են դեկորատիվ կիրառական արվեստի բացառիկ նմուշներ, գորգարվեստ, ասեղնագործություն, փայտարվեստ, դարբնագործություն, ազգային տարազներ, տիկնիկագործություն, կերպարվեստ, զարդեր և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արվեստների և արհեստների փառատոն»-ի կազմակերպիչ Մարիա Մինասյանը նշեց, որ այս միջոցառումն անցկացնում են 2013 թվականից։ Տարիների ընթացքում այն ընդլայնվեց և մեծ ճանաչում ձեռք բերեց։ 

«Եթե սկզբնական շրջանում քիչ թվով մասնակիցներ էին, որոնք դժվարությամբ էին ընդգրկվում, ապա այսօր զանգերի տեղատարափ է։ 70 տաղավար ունենք առանձնացված։ Ուրախացնում է այն, որ հեռավոր գյուղերից պատրաստակամ են գալ, մասնակցել, ներկայացնել իրենց համայնքի կոլորիտը։ Այն իրապես մեծ տոն է, որն օգնում է համայնքներում պահպանել արհեստը, ավանդույթները, ինչն ինքնատիպությունը պահպանելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու համար շատ կարևոր է»,-ասաց Մարիա Մինասյանը։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության ավագ մասնագետ Անժելա Փիլոյանը նկատեց, որ շատ կարևոր է նման փառատոնները հենց մարզերում անցկացնելը՝ աշխուժացնելով համայնքային կյանքը։ Պետության առաջնահերթություններից է մարզերում մշակութային, զբոսաշրջային կյանքի ակտիվացումը։ 

«Ասեմ, որ համայնքները բավական նախաձեռնող են դարձել, փառատոնին մասնակցելու ցանկություն շատերն են հայտնում։ Այն պարզապես փառատոն չէ, այն հնարավորություն է ընձեռում շփում ապահովել հեռու, մոտիկ համայնքների ներկայացուցիչների միջև, ձևավորել մշակութային երկխոսություն, ներկայացնել տեղական արտադրանքը, բարձրացնել համայնքի ճանաչելիությունը։ Ակնհայտ է, որ նման միջոցառումներն իրենց դրական ազդեցությունն են թողնում համայնքային կյանքի վրա»,-ասաց Անժելա Փիլոյանը։ 

Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն։ Այս տարի կոմիտեն 10-ից ավելի փառատոնի է աջակցում՝ խթանելով փառատոնային տուրիզմը։ Զբոսաշրջության կոմիտեի մամուլի խոսնակ Անահիտ Բաղդասարյանը նշեց, որ այս փառատոնները բավական ակտիվություն են մտցնում զբոսաշրջային ոլորտում։ 

«Ակնհայտ է, որ վերջին տարիներին փառատոնային զբոսաշրջությունը բավական ակտիվացել է։ Պատահական չէ, որ Զբոսաշրջության կոմիտեն իր աջակցությունն է ցուցաբերում, որովհետև այն խթանում է ինչպես ներգնա, այնպես էլ ներքին տուրիզմը։ Արվեստների ու արհեստների փառատոնից բացի, առջևում դեռ այլ փառատոններ ևս սպասվում են, հատկապես «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, Արենի գինու փառատոնը, Օդագնացության միջազգային փառատոնը և այլն»,-ասաց Անահիտ Բաղդասարյանը։ 

Արվեստների ու արհեստների փառատոնի ընթացքում անցկացվելու են վարպետության դասեր, լինելու է գինու համտես, լավաշի թխման արարողություն, համերգային մասն ապահովելու են անվանի երաժշտական խմբերը։ Կազմակերպիչները Երևանից ավտոբուսներով ցանկացողների կարող են անվճար տեղափոխել Դիլիջան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում