Իրավունք

Ամփոփվել են «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

3 րոպեի ընթերցում

Ամփոփվել են «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվել է օգոստոսի 31-ին: Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։ 

Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Միջոցառմանը մասնակցել են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 38 տոննա կանեփի և 21 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, միջոցառման շրջանակում իրականացված զննությունների և խուզարկությունների արդյունքում 76 տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի մոտ երեք հազար բույս։ Արձանգրվել է հանցագործության 215 դեպք, որոնցով ապօրինի շրջանառությունից առգրավվել են ավելի քան 21 կգ մարիխուանա, 49 կգ կանեփ, 62 գրամ ափիոն, մոտ 22 դեզոմորֆին, 4 կգ-ից ավելի մեթամֆետամին, 21,5 մլ մեթադոն, մոտ 13 գրամ հաշիշի յուղ, 65 գրամ սփայս և տարբեր տեսակի հոգեմետ 52 դեղահաբ։

Միջոցառման ընթացքում, թմրամիջոցների հայտնաբերմանը զուգահեռ, հայտնաբերվել կամ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է հանձնվել տարբեր տեսակի զենք և զինամթերք` 6 ինքնաձիգ, 11 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, 29 պահունակ, 7 ատրճանակ, 13 հրացան, 3 պայթուցիչ, և տարբեր տրամաչափերի 4975 փամփուշտ։

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հովածների հատկանիշներով հետախուզվող 103 անձ։
«Թեև ավարտվեց «Կանեփ-կակաչ-2024» միջոցառումը, սակայն ոստիկանությունը չի պատրաստվում թուլացնել ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տեմպերը։ Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում