Քաղաքականություն

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում քննարկվեց կայուն մեծամասնության դրույթի վերանայման հարցը

3 րոպեի ընթերցում

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում քննարկվեց կայուն մեծամասնության դրույթի վերանայման հարցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստում սեպտեմբերի 5-ին քննարկվեց կայուն մեծամասնության դրույթի վերանայման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով հանդես եկավ խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ գործող Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողների ձայների 25-30 տոկոսը հավաքած ուժը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն և միանձնյա ձևավորել կառավարություն։   

«Սա կոչվում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունք և հատուկ է նախագահական կառավարման համակարգերին»,- ավելացրեց Իոաննիսյանը։ 

Նա նշեց, որ կայուն մեծամասնության դրույթը հակասում է պառլամենտարիզմի էությանը և բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է։ 

Իոաննիսյանը առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։

Խորհրդի մյուս անդամները մի շարք հարցեր ուղղեցին Իոաննիսյանին, մասնավորապես, թե արդյոք այդ դրույթը չի քանդելու Սահմանադրության ողջ կոնցեպտը և արդյոք այդ դրույթից հրաժարվելու հետևանքով չի առաջանալու կառավարման ճգնաժամ։  

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ աշխարհում երեք երկիր կա, որոնցում խորհրդարանական կառավարման համակարգը գործել է կայուն մեծամասնության կարգավորմամբ, մնացած երկրներում այդ դրույթը չկա, և կառավարման որևէ խնդիր չի առաջացել։ Նա նաև Հայաստանի ՏԻՄ ընտրություններից օրինակ բերեց, որտեղ ևս կայուն մեծամասնության դրույթը հանվել է, և մի շարք համայնքներում ընտրությունների արդյունքներով ձևավորվել են դաշինքներ,  կառավարման որևէ ճգնաժամ չի առաջացել։ 

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նաև քննարկեց այն հարցը, թե արդյոք կայուն մեծամասնության դրույթից հրաժարումը պետք է դիտարկել Սահմանադրության նոր հայեցակարգի շրջանակներում, թե որպես առանձին հարց, որովհետև այն հնարավոր է փոխել Ազգային ժողովում պատգամավորների քվեարկությամբ՝ նախքան 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն։ 

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ այս և այլ հարցերի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում