Տուրիզմ

Լոռին, Սևանը, Դիլիջանն ու Ծաղկաձորը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան  զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 237 հազար 600: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը՝ նշելով, որ ցուցանիշը նախորդ ամսվա՝ հունիսի հետ համեմատ աճել է շուրջ 31 տոկոսով, իսկ եթե  համեմատենք նախորդ տարվա հուլիս ամսվա հետ, կա նվազում՝ 6-ից 7 տոկոսով:

«Այս պահին ունենք հունվար-հուլիսի ամփոփված տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 184 հազար:  Ցուցանիշը նախորդ տարվա յոթ ամսվա համեմատ նվազել է 6 տոկոսով»,-ասաց նա:

Անուշ Բաբայանի խոսքով՝ եթե  այս տարվա 7 ամսվա ցուցանիշները համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք նշել, որ գրանցվել է այցելուների թվի աճ՝ շուրջ 21 տոկոսով: Իսկ 2019 թվականի հուլիսի համեմատ այցելությունների թիվն այս տարվա հուլիսին աճել է շուրջ 17 տոկոսով:

2023 թվականի 7 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նվազումը մասնագետը հիմնականում պայմանավորում է ՌԴ-ից Հայաստան  այցելությունների կրճատմամբ: 

«Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2024 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել է շուրջ  500 հազար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 23 տոկոսով նվազում: Նշեմ, որ ընդհանուր այցելությունների թվում ՌԴ-ից այցելությունները կազմում են շուրջ 42 տոկոսը»,-ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը: 

Սակայն կոմիտեից նշեցին, որ վերջին տարիներին  զբոսաշրջային այցելությունների որոշակի աճ է գրանցվել մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Չինաստանից՝ որոշակիորեն լրացնելով ՌԴ-ից այցելությունների նվազման հետևանքով ձևավորված բացը: 

Իսկ դեպի Հայաստան զբոսաշրջային աճն ապահոված երկրների ցանկը հիմնականում պահպանվել է՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստանը, Իրան, ԱՄՆ: 

«Դրանք այն հիմնական երկրներն են, որոնք Հայաստանի համար հանդիսանում են հիմնական շուկաներ: Այս երկրներին հաջորդում են Եվրոպական երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլ տարածաշրջանների մի շարք երկրներ»,- ընդգծեց Բաբայանը: 

«Rima travel» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը նշեց՝ վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նախընտրությունները մի փոքր փոխվել են:

«Նախորդ տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկները առավել շատ նախընտրում էին  Նորավանք, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ, Սատանի կամուրջ ուղղությունները, սակայն այս տարի մի փոքր այլ է: Զբոսաշրջիկները նախընտրում են դեպի Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր ուղղությունները, ինչպես նաև Լոռին, որն այս տարի շատ ավելի ակտիվ է, քան նախորդ տարիներին»,- նշեց  տուրիստական գործակալության տնօրենը:

Ռիմա Խաչատրյանը ընդգծեց՝  զբոսաշրջիկները տարբեր են և նախընտրությունները ևս տարբեր են, սակայն  վերջին տարիներին բավականին մեծացել է արկածային և էքստրեմալ հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների թիվը:

Ըստ գործակալության տնօրենի՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Գայանե Գաբոյան 

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Արարատ Միրզոյանը Փաշինյանի պատվիրակության կազմում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին

Անկարայում ընթանում է Էրդողանի և Զելենսկիի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահը Ղազախստանի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագծին

Հայաստանն ու Սողոմոնի Կղզիները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

«Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը». գիտահանրամատչելի սեմինար՝ ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայկական ալկոհոլային խմիչքների հետ կապված խնդիրները լուծելու համար կայցելի Վրաստան

Հայաստանի հետ հարաբերությունները խորանում են աննախադեպ տեմպերով. ԵՄ արտաքին կապերի ծառայություն

Զելենսկին Ստամբուլ մեկնած ՌԴ պատվիրակությունն անվանել է «բուտաֆորիա»

Էկոնոմիկայի նախարարությունը կարկտի հասցրած վնասների գույքագրումից հետո որոշումներ կկայացնի աջակցության վերաբերյալ