Տուրիզմ

Լոռին, Սևանը, Դիլիջանն ու Ծաղկաձորը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններ

4 րոպեի ընթերցում

Լոռին, Սևանը, Դիլիջանն ու Ծաղկաձորը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան  զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 237 հազար 600: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը՝ նշելով, որ ցուցանիշը նախորդ ամսվա՝ հունիսի հետ համեմատ աճել է շուրջ 31 տոկոսով, իսկ եթե  համեմատենք նախորդ տարվա հուլիս ամսվա հետ, կա նվազում՝ 6-ից 7 տոկոսով:

«Այս պահին ունենք հունվար-հուլիսի ամփոփված տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 184 հազար:  Ցուցանիշը նախորդ տարվա յոթ ամսվա համեմատ նվազել է 6 տոկոսով»,-ասաց նա:

Անուշ Բաբայանի խոսքով՝ եթե  այս տարվա 7 ամսվա ցուցանիշները համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ապա կարող ենք նշել, որ գրանցվել է այցելուների թվի աճ՝ շուրջ 21 տոկոսով: Իսկ 2019 թվականի հուլիսի համեմատ այցելությունների թիվն այս տարվա հուլիսին աճել է շուրջ 17 տոկոսով:

2023 թվականի 7 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցված նվազումը մասնագետը հիմնականում պայմանավորում է ՌԴ-ից Հայաստան  այցելությունների կրճատմամբ: 

«Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2024 թվականի հունվար-հուլիս ժամանակահատվածում կազմել է շուրջ  500 հազար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենք 23 տոկոսով նվազում: Նշեմ, որ ընդհանուր այցելությունների թվում ՌԴ-ից այցելությունները կազմում են շուրջ 42 տոկոսը»,-ասաց Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալը: 

Սակայն կոմիտեից նշեցին, որ վերջին տարիներին  զբոսաշրջային այցելությունների որոշակի աճ է գրանցվել մի շարք այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Ֆիլիպիններից և Չինաստանից՝ որոշակիորեն լրացնելով ՌԴ-ից այցելությունների նվազման հետևանքով ձևավորված բացը: 

Իսկ դեպի Հայաստան զբոսաշրջային աճն ապահոված երկրների ցանկը հիմնականում պահպանվել է՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստանը, Իրան, ԱՄՆ: 

«Դրանք այն հիմնական երկրներն են, որոնք Հայաստանի համար հանդիսանում են հիմնական շուկաներ: Այս երկրներին հաջորդում են Եվրոպական երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլ տարածաշրջանների մի շարք երկրներ»,- ընդգծեց Բաբայանը: 

«Rima travel» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը նշեց՝ վերջին տարիներին Հայաստան ժամանող զբոսաշրջիկների նախընտրությունները մի փոքր փոխվել են:

«Նախորդ տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկները առավել շատ նախընտրում էին  Նորավանք, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ, Սատանի կամուրջ ուղղությունները, սակայն այս տարի մի փոքր այլ է: Զբոսաշրջիկները նախընտրում են դեպի Սևան, Դիլիջան, Ծաղկաձոր ուղղությունները, ինչպես նաև Լոռին, որն այս տարի շատ ավելի ակտիվ է, քան նախորդ տարիներին»,- նշեց  տուրիստական գործակալության տնօրենը:

Ռիմա Խաչատրյանը ընդգծեց՝  զբոսաշրջիկները տարբեր են և նախընտրությունները ևս տարբեր են, սակայն  վերջին տարիներին բավականին մեծացել է արկածային և էքստրեմալ հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների թիվը:

Ըստ գործակալության տնօրենի՝ նախորդ տարիների համեմատ ավելացել է Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Գայանե Գաբոյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում