Հայաստան

Կառավարությունն առաջարկում է թատրոններն ու մշակութային այլ հաստատություններն ազգայինի փոխարեն կոչել պետական

2 րոպեի ընթերցում

Կառավարությունն առաջարկում է թատրոններն ու մշակութային այլ հաստատություններն ազգայինի փոխարեն կոչել պետական

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության կողմից առաջարկվող օրենքի նոր նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ մշակութային հաստատություններն «ազգային» բառի փոխարեն իրենց անվան մեջ կկրեն «պետական» բառը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը: 

«Արժևորելով պետությունը, պետականությունը և պետական արժեքները՝ մենք առաջարկում ենք, որ օրենքում ազգային բառը փոխարինվի պետական բառով: Հիմնարկությունները՝ թատրոնները, դահլիճները, որոնք մինչև այս կրում էին ազգային բառը, կկրեն պետական բառը»,-ասաց փոխնախարարը:

Նա հավելեց՝ պետք է լինի պետական գործունեության հասկացություն: Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական: «Անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը»,-նշեց Դանիելյանը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ: Օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում