Տնտեսություն

Առևտրի շրջանառության ծավալներն աճում են. փորձագետը դա կապում է տնտեսական ակտիվության, բնակչության եկամուտների աճի հետ

5 րոպեի ընթերցում

Առևտրի շրջանառության ծավալներն աճում են. փորձագետը դա կապում է տնտեսական ակտիվության, բնակչության եկամուտների աճի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առևտրի շրջանառության ծավալը կես տարում գերազանցել է 2 տրլն 754 մլրդ դրամը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 22.9 տոկոսով: Տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանն առևտրի շրջանառության ծավալների աճը համարում է տնտեսական ակտիվության արդյունք, ինչպես նաև բնակչության եկամուտների որոշակի աճի ցուցիչ: 

Տնտեսագետը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: 

Ըստ պաշտոնական վիճակագրության՝  Հայաստանում առևտրի շրջանառության ծավալն առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին, ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 754 մլրդ 219.3 մլն դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի նկատմամբ աճելով 22.9 տոկոսով:  «Դա ընդհանուր մեր տնտեսական ակտիվության արդյունք է: Մի քանի տարի շարունակ բարձր տնտեսական աճը, ակտիվությունը, բնակչության  եկամուտների աճը բերում են գնողունակության ավելի բարձրացման, որոշակի սպասումների ձևավորման, որը կարող է արտացոլվել նաև առևտրի շրջանառության մեջ: Այդ աճն ընդհանուր տնտեսական ակտիվության աճի, նաև բնակչության մոտ եկամուտների որոշակի աճի ցուցիչ է»,-ասաց Աղաբեկյանը: 

Փորձագետը նկատեց՝ էական են մեծածախ առևտրի շրջանառության ծավալները: Վիճակագրության համաձայն՝ մեծածախ առևտրի շրջանառության ծավալներում  առաջին կիսամյակում 2023-ի առաջին կիսամյակի նկատմամբ արձանագրվել է 32.5 տոկոս աճ՝ կազմելով 1 տրլն 808 մլրդ 252.3 մլն դրամ: Մանրածախ առևտրի ոլորտում աճը 10.5 տոկոս է՝ 838 մլրդ 738.7 մլն դրամ ծավալով:  

Մանրածախ առևտրի ոլորտում խանութների առևտրի ծավալը կես տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 13.1 տոկոսով՝ կազմելով 698 մլրդ 98.6 մլն դրամ, կրպակների առևտուրն աճել է 0.1 տոկոսով՝ կազմելով 10 մլրդ 843.2 մլն դրամ: Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի ծավալը  կազմել է 31 մլրդ 542.3  մլն դրամ՝ աճելով 3.4 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում (ներառում է նաև բացօթյա՝ այդ թվում սեզոնային, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առևտրի շրջանառությունը) առևտրի ծավալը նվազել է 0.9 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 40.5 մլն դրամ: Առևտրի այլ օբյեկտներում (վերաբերում է շարժիչային և կենցաղային վառելիքի մանրածախ առևտրի կետերին) ծավալը ևս նվազել է 3.2 տոկոսով՝ կազմելով 91 մլրդ 214.1 մլն դրամ:

8.7 տոկոսով նվազել է ավտոմեքենաների առևտրի ծավալը (ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը)՝ կազմելով 107 մլրդ 228.3 մլն դրամ: 

«Շուկայում որոշակի ավտոմեքենաների գծով գների անկում ենք նկատում: Միջազգային սահմանափակումները, Ռուսաստանի հետ կապված սահմանափակումները որոշակի բարդություններ են ստեղծում առևտրի որոշակի ոլորտների համար: Նաև դա է պատճառը, որ մեքենաների առևտրի ծավալները նվազում են»,-նշեց Աղաբեկյանը:

Տնտեսագետը նկատեց՝ այն ոլորտների կշիռը, որտեղ վերաարտահանման ծավալ կա, գնալով նվազում է, տնտեսությունը վերադառնում է բնականոն վիճակին: Սակայն առևտրի շրջանառության ծավալների աճի նման տեմպով պահպանումը միանշանակ դրական է համարում: 

Անդրադառնալով այս տարի ՀՆԱ-ի սպասվող ծավալի նվազեցմանը, դրան նպաստող գործոններին՝ նա հավելեց. «Եթե տնտեսական ակտիվության տեմպերը պահպանվեն, բնակչության եկամուտների, միջին աշխատավարձի տեմպերը շատ չնվազեն, առևտրի շրջանառության ծավալներն էականորեն չեն փոխվի կամ աճի ավելի մեղմ տեմպերով կշարունակվեն»:  

Աղաբեկյանի գնահատմամբ՝ շինարարությունն ու առևտուրն ավանդաբար մնալու են տնտեսությունում տնտեսական ակտիվությունը պայմանավորող հիմնական ոլորտները: 

Հայաստանում հունվար-հուլիսին առևտրի շրջանառությունն աճել է 21.4 տոկոսով:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում