Իրավունք

Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

4 րոպեի ընթերցում

Տիգրան Համասյանի հետ կապված միջադեպի գործով խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: 

«Հաղորդումը ստացել ենք, քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով»,–ասաց Աբրահամյանը:

Քննչական կոմիտեն վնասվածք ստացած անձանց վերաբերյալ տեղեկություններ չունի, արձանագրված է փաստը, որ մեքենաներից մեկի ապակին է ջարդվել: 

«Այս պահին քննչական մարմին է ներկայացվել 3 անձ, այնտեղ է նաև միջադեպի մասնակից մյուս կողմը: Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են կատարում»,–ասաց Աբրահամյանը:

Ավելի վաղ «Հող և ջուր»-2 միջոցառման կազմակերպչական խորհրդուրդը հայտարարություն էր տարածել համերգային խմբի վրա հարձակման մասին: Ըստ հայտարարության՝«Հող և ջուր»-2 մշակութային միջոցառման նախաձեռնող խումբը օգոստոսի 29-ին նախատեսել էր համերգ-նկարահանում դաշտային պայմաններում՝ Արագածի լանջին: Առավոտյան տեխնիկասարքավորումներով և դաշնամուրով «Հող և ջուր»-2 միջոցառման խումբը՝ շուրջ 70 հոգի, աշխարհահռչակ ջազային երաժիշտ երգահան և կատարող Տիգրան Համասյանի և Խազեր երգչախմբի հետ շարժվել է Արագածի հյուսիսային լանջին գտնվող Ռապի լիճ համերգային ձայնագրությունը և նկարահանումը կազմակերպելու նպատակով:

Ժամը 16-ին մոտ մեկ ավտոմեքենաներով նկարահանման տարածք են եկել միջոցառման հետ կապ չունեցող 3 հոգի, տեղավորվել են լճի հակառակ ափին և հայտնվել նկարահանման կադրում: 

Կազմակերպիչները քաղաքավարությամբ խնդրել են տեղափոխվել քիչ հեռու և չխանգարել նկարահանմանը: 

Սակայն տեղափոխվելուց հետո ժամը 18-ին խումբը սկսել է աղմկել անմարդկային վայնասուններով: 

Կազմակերպչական խմբի անդամները նորից խնդրել են չաղմկել, հրավիրել են լուռ մասնակցել համերգի և նկարահանման դիտմանը: 

Խումբը հրաժարվել է, խոստացել է չաղմկել, սակայն ժամը 19-ից հետո նորից է սկսել աղմկել, դիտավորությամբ գոռգոռալ և սուլել՝ խանգարելով նկարահանումներին և ձայնագրությանը: 

19:20-ի հատվածում համերգախմբի հետ լճի մոտ գտնվող հանդիսատեսները գնացել և այդ խմբին բացատրել են իր վարքի անընդունելի լինելը, որից հետո խումբը հեռացել է, սակայն քիչ անց վերադարձել է, դիտել է մասնակիցներին և ավտոմեքենաները, ապա նորից է լքել տարածքը: 

Համերգի տեսագրումն ավարտվել է 19:45-ին: 10 ավտոմեքենաներից կազմված շարասյան վերադարձի ճանապարհը Գեղաձոր գյուղի և H21 (Արթիկ-Ալագյազ) ճանապարհի խաչմերուկում 3 ավտոմեքենայով փակել է նույն խումբը, խոչընդոտելով տեղաշարժը: Նրանք հարձակվել են առաջին մի քանի ավտոմեքենաների վրա, կոտրել են մեքենաներից մեկի ապակին, որում Տիգրան Համասյանն է եղել, մյուս մեքենայի վարորդի դեմքին մի քանի հարված են հասցրել, վարորդի գլուխը խփել ղեկանվին մի քանի անգամ:

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում