Եվրոպա

Լեհաստանն Ուկրաինային ՄիԳ-29-երի փոխանցման որոշում կընդունի F-35-ներ ստանալուց հետո

2 րոպեի ընթերցում

Լեհաստանն Ուկրաինային ՄիԳ-29-երի փոխանցման որոշում կընդունի F-35-ներ ստանալուց հետո

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանն Ուկրաինային իր ՄիԳ-29 կործանիչների փոխանցման մասին որոշում կընդունի միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից ստանա այնտեղ գնված 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին PAP գործակալությանը տված հարցազրույցում ասել է Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը։

«ՄիԳ-29-երի վերաբերյալ հնարավոր որոշում կարելի կլինի կայացնել այն բանից հետո, երբ Լեհաստանի ռազմաօդային ուժերն ուժեղացվեն նոր ինքնաթիռներով, օրինակ՝ ԱՄՆ-ում պատվիրված F-35 կործանիչներով, - ասել է նա: - Այդ դեպքում մենք որոշում կկայացնենք»։

Կոսինյակ Կամիշը նաև նշել է, որ Լեհաստանն Ուկրաինային է փոխանցել «այն ամենն, ինչ կարող էր փոխանցել»։

Ապրիլին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ լեհական ՄիԳ-29-երի հնարավոր փոխանցումն Ուկրաինային «չի կարող տեղի ունենալ՝ ի վնաս Լեհաստանի անվտանգության»։

Լեհաստանն ԱՄՆ-ից գնել է 32 F-35 Lightning II 5-րդ սերնդի կործանիչներ։ Առաջին ինքնաթիռը լեհ զինվորականներին է հանձնվել օգոստոսի 27-ին, սակայն կործանիչը կմնա ԱՄՆ-ում և այնտեղ կօգտագործվի լեհ օդաչուների ուսուցման համար։ Ակնկալվում է, որ F-35-երը Լեհաստանում կհայտնվեն միայն 2026 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում