Կանաչապատ տարածք, ճեմուղի, հեծանվուղի. Ավինյանը ծանոթացավ «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բուսաբանական այգում Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են, այն Երևանի քաղաքապետարանի այս տարվա ամենախոշոր նախագիծն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելեց ու անձամբ ծանոթացավ պուրակի կառուցման աշխատանքներին, քննարկեց կառուցման հետ կապված կարևոր հարցեր:

««Կյանքի պուրակի» նախագիծը մեր ամենակարևոր նախագծերից մեկն է: Այս տարվա համար Երևանի քաղաքապետարանի ամենախոշոր նախագիծն է, և մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի: Ե՛վ իր նշանակությամբ, և՛ իր բովանդակությամբ այն քաղաքի համար շատ կարևոր տեղ է դառնալու»,-ասաց Ավինյանը:
«Կյանքի պուրակ»-ի տարածքը մոտավորապես 50 հա. է: Բավականին մեծ ծավալով կանաչապատ տարածք է լինելու, տնկվելու են հազարավոր ծառեր, չորացածները փոխարինվելու են նորերով: Լինելու է ճեմուղի: Ավինյանը վստահեցրեց՝ կա նախագիծ, որով հստակ պլանավորված է ամեն ինչ:

«Այդ նախագծից էական շեղումները վերաբերում էին միայն քարի տեսակին: Որոշակի հապաղումներ ունեինք այդ քննարկումներում. լաբորատոր փորձարկումներ և այլն: Վերջնական որոշվել է, որ պետք է բազալտ լինի: Լաբորատոր փորձարկումներն էլ ցույց են տվել, որ այդ քարն է պիտանի: Խոսքը 30 հազար քառ. մետր տարածքի մասին է: Շատ կարևոր է հարցը խորությամբ ուսումնասիրելը»,–ասաց քաղաքապետը:
Պուրակում լինելու է նաև հեծանվուղի: Այգին հարմարեցված է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար: Պուրակի համար նախատեսված է նաև ավտոկայանատեղի՝ Աճառյան փողոցի հատվածից:

«Այն առաջին հերթին մեր բոլոր նահատակների հիշատակին նվիրված պուրակ է լինելու: Շատ կարևոր է անվանումը, որն ուղղակիորեն կապված է կյանքի հետ, որովհետև նրանց զոհաբերությունը մեր ժողովրդի կյանքի համար է: Կարծում եմ՝ շատ գեղեցիկ ու գրագետ բովանդակություն է դրված այս նախագծի հիմքում»,–ասաց քաղաքապետը:
Կա ֆիտոնախագիծ, դրան համապատասխան կառուցապատողը պետք է իրականացնի աշխատանքները: Սակայն հնարավոր են որոշակի փոփոխություններ:
«Գրունտի տեսակը մի փոքր ավելի կարծր է: Եվ կարող է ունենանք որոշակի փոփոխություններ՝ ծառերի տեսակների հետ կապված, որոնք այս գրունտում ավելի լավ կաճեն»,–ասաց Ավինյանը:
«Երևան նախագծի» տնօրեն Անդրանիկ Սեդոյանն էլ ամփոփեց՝ ըստ էության, Բուսաբանական այգու՝ տարիների ընթացքում անխնամ դարձած հատվածի բարեկարգում է նախատեսված: «Ամբողջությամբ վերակառուցվելու են գոյություն ունեցող ենթակառուցվածքները՝ լուսավորություն, ճանապարհային ցանցեր, ոռոգման ցանցեր: Այն բերվելու է բարեկարգ վիճակի և դառնա քաղաքային նշանակության այգի»,-ասաց Սեդոյանը:
Պուրակն ունենալու է երկու մուտք՝ Ծարավ Աղբյուր թաղամասի հատվածից, նաև Մյասնիկյան պողոտայի կողմից:

«Կյանքի պուրակ»–ի կառուցապատման ամբողջ բյուջեն մոտ 4.6 մլրդ դրամ է: Իրականացվում է պետական բյուջեով, ծրագրի իրականացնողը Երևանի քաղաքապետարանն է: Նախագծի ավարտը նախատեսված է 2026 թվականի վերջին: Քաղաքապետը, սակայն, ընդգծեց՝ հաշվի առնելով որոշ բարդություններ՝ կդիտարկեն նաև նոր ժամանակացույց: Եղել են որոշակի ձգձգումներ, որոնք, Ավինյանի վստահեցմամբ, ունեցել են օբյեկտիվ պատճառներ: «Այս պահի դրությամբ աշխատանքը մեծ տեմպով առաջ է գնում: Եվ ես վստահ եմ, որ 2026-ի ավարտին մենք կամ ավարտված կամ ավարտին շատ մոտ պատկեր ենք ունենալու»,-նշեց քաղաքապետը: