Հայաստան

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

2 րոպեի ընթերցում

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հիշեցնում են, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից և հաղթող աշակերտներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ, ինչը խրախուսում է աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այդ է փաստում տարեցտարի օլիմպիադաներին մասնակցող և հաղթող աշակերտների թվի աճը: 

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ևս խրախուսելու և ոլորտի գրավչությունը մեծացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է այդ հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը:

Գումարը կտրամադրվի ՀՀ-ում գործող մարզառազմական պետական ուսումնական 3 հաստատությունների 533 սովորողների, որոնցից 96-ը հանդիսանում է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանի սան, 187-ը՝ Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի, իսկ 250-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի (հաշվի է առնվել փաստացի սովորողների և ընդունելությամբ կանխատեսվող սովորողների թիվը): 

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողների խրախուսումը կնպաստի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև անձի մասնագիտության գիտակցված ընտրությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում