Աշխարհ

Ավստրալացիներին աշխատանքային ժամերից հետո գործատուի հետ «կապի դուրս չգալու իրավունք» է տրվել

2 րոպեի ընթերցում

Young casual dressed male looks out to the Sydney Harbour Bridge in Sydney, Australia
Young casual dressed male looks out to the Sydney Harbour Bridge in Sydney, Australia

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրալիայում ուժի մեջ է մտել «կապի դուրս չգալու իրավունք» սահմանող օրենք, որն աշխատակիցներին թույլ է տալիս չպատասխանել գործատուների զանգերին և չկարդալ նրանց հաղորդագրություններն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։ 

Նոր օրենքն աշխատակիցներին թույլ է տալիս ցանկության դեպքում աշխատանքային ժամերից հետո չհաղորդակցվել գործատուի հետ՝ առանց վախենալու, որ դրա համար իրենց կպատժեն:

2023 թվականին հրապարակված ուսումնասիրության արդյունքներով՝ ավստրալացիները տարեկան միջինը 281 ժամ կատարել են չվճարվող արտաժամյա աշխատանք։

Ավելի քան 20 երկրներ, հիմնականում Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, ունեն նմանատիպ կանոններ։

Օրենքը գործատուներին չի արգելում աշխատանքային ժամերից հետո կապ հաստատել աշխատողների հետ: Փոխարենը, այն աշխատակիցներին իրավունք է տալիս չպատասխանել, եթե նրանց մերժումն անհիմն չի համարվում:

Կանոնների համաձայն՝ գործատուներն ու աշխատակիցները պետք է փորձեն լուծել վեճերը միմյանց միջև։ Եթե ​​դա չի հաջողվում, ապա հարցին միջամտում է Ավստրալիայի Արդար աշխատանքի հանձնաժողովը, որը կարող է գործատուին կարգադրել դադարեցնել կապը աշխատակցի հետ աշխատանքային ժամերից հետո:

Եթե ​​հանձնաժողովը համարում է, որ աշխատողի մերժումն անհիմն է, նրան կարող են կարգադրել պատասխանել գործատուի զանգերին և հաղորդագրություններին:

Արդար աշխատանքի հանձնաժողովի կարգադրությունները չկատարելը կարող է հանգեցնել տունգանքների. աշխատակցի համար՝ մինչև 19 000 ավստրալական դոլարի (12 897 ԱՄՆ դոլար) չափով, ընկերության համար՝ 94 000 ավստրալական դոլարի (63 000 ԱՄՆ դոլար) չափով:

Աշխատողներին ներկայացնող կազմակերպությունները ողջունել են այդ քայլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում