Հայաստան

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ

3 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՄԻՊ աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: 

Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը, հաղթահարենք իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը», - ասել է Պաշտպանը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են նաև բուլինգի, խտրականության դեմ պայքարի, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների և մի շարք այլ հարցերի շուրջ: 

Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին, որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները: Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին:    

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում