Աշխարհ

Բոտսվանայում ավելի քան 2400 կարատ քաշով ալմաստ են գտել

2 րոպեի ընթերցում

Բոտսվանայում ավելի քան 2400 կարատ քաշով ալմաստ են գտել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոտսվանայի հյուսիս-արևելքում գտնվող Karowe հանքում 2492 կարատ քաշով ալմաստ են հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է կանադական Lucara Diamond Corporation ընկերությունը։

Այն աշխարհում երբևէ արդյունահանված ամենախոշոր ալմաստներից մեկն է։

«Մենք շատ ոգևորված ենք այս արտասովոր 2492 կարատանոց ալմաստի արդյունահանմամբ», - հայտարարել է ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը` հավելելով, որ ալմաստն անվնաս հանել հնարավոր է եղել իրենց կողմից օգտագործվող նոր տեխնոլոգիաների և մոտեցումների շնորհիվ: 

Վերը հիշատակված հանքում արդյունահանել են նաև 1758 և 1109 կարատ քաշով ալմաստներ։

Ընկերությունը չի հստակեցրել քարի որակն ու մոտավոր արժեքը։

Ամենամեծ ոսկերչական ադամանդը լեգենդար «Կուլինանն» է («Աֆրիկայի աստղ»), որը կշռում է 3106 կարատ: Այն հայտնաբերվել է 1905 թվականի հունվարին ներկայիս Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում։ Քարը Տրանսվաալի բրիտանական գաղութի կառավարության կողմից փոխանցվել է Անգլիայի Էդվարդ VII թագավորին. մշակումից հետո ստացված ադամանդը տեղադրվել է բրիտանական միապետների գավազանում։ Ամենախոշոր ոչ ոսկերչական որակի ալմաստը հայտնաբերվել է Բրազիլիայում 1895 թվականին (3167 կարատ):

Բոտսվանան Աֆրիկայում ադամանդների խոշորագույն արտադրողն է և աշխարհում երկրորդը՝ Ռուսաստանից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում