Եվրոպա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է ՌԱԿ ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանի և ՌԱԿ Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի շրջանակի պատասխանատու Պօղոս Թէքէեանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից, ՌԱԿ ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին ներկայացրել են Նիդերլանդների փորձը, որտեղ փախստականների և խոցելի խմբերի համար գործում են ծրագրեր, որոնց միջոցով նրանք նախ սպասարկման ոլորտի փորձ ու հմտություններ են ձեռք բերում, ապա մայր ու զավակ աշխատանքի են տեղավորվում տարբեր ռեստորաններում, այդ թվում «Սոցիալական ռեստորան»-ում։ Պօղոս Թէքէեանի խոսքով, նրանց թվում կան նաև առանձնահատկություններ ունեցող անձինք։ 

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանն իր խոսքում նշել է, որ նման ծրագրի գաղափար կա նաև «Իմ քայլը» հիմնադրամում։ Նախատեսվում է հիմնել «Ճախրուկ» սոցիալական սրճատուն, որտեղ աշխատելու են ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող երիտասարդներ: «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը ընդգծել է սակայն, որ Հայաստանում քիչ են այն մասնագետները, որոնք կարող են սովորեցնել նման երիտասարդներին ուտեստներ պատրաստել կամ մատուցել դրանք։ ՌԱԿ ներկայացուցիչները փաստել են, որ կարող են աջակցել նաև փորձի փոխանակման, նման մասնագետների պատրաստման հարցերում։

Աննա Հակոբյանն արձանագրել է, որ երկու ծրագրերում կան շատ նմանություններ և ծրագրի մշակման ու իրագործման ընթացքում շատ օգտակար կլինի նիդերլանդական փորձը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել և արդեն ավելի առարկայական ու մանրակրկիտ քննարկել հետագա գործակցության հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում