Հայաստան

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն հաշվապահություն է սովորել

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն հաշվապահություն է սովորել

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու, 44-օրյա պատերազմի մասնակից Վոլոդյա Հարությունյանը հաշվապահություն է սովորել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Իմ քայլը» հիմնադրամից:

«Վոլոդյա Հարությունյանը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին, անցել է մասնագիտական վերապատրաստման և բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ, բայց ծրագրի ավարտին բիզնես պլան չի ներկայացրել։ Կարծում է, որ բիզնեսում հաջողելու կարևոր գրավականներից է գիտելիքը, և հենց դա է պատճառը, որ մասնագիտական վերապատրաստման բաղադրիչով հաշվապահություն է սովորել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 19 տարեկան է եղել Վոլոդյա Հարությունյանը, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Կրտսեր սերժանտ էր, հրանոթի հրամանատար։ 2020-ի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է՝ ձախ  ոտքի, թոքի, ձեռքի ու գլխի լուրջ վնասվածքներ։ 5 վիրահատություններից հետո արդեն իրեն լավ է զգում։

Նշվում է, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի օգնությամբ Վոլոդյան նախ 5 ամիս հաշվապահական դասընթացներ է անցել մայրաքաղաքի կրթական կենտրոններից մեկում, ապա աշխատելու համար նաև համակարգիչ նվեր ստացել։

«Ի սկզբանե վստահ եմ եղել, որ ծրագիրը հաջողելու է և հասնելու է իր արդյունքին»,- ասել է Վոլոդյա Հարությունյանը և ծրագրի մյուս շահառուներին հորդորում չհուսահատվել և համբերատար սպասել ծրագրի ավարտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում