Եվրոպա

Լեհ սահմանապահներին թույլատրել են զենք կիրառել անօրինական ներգաղթյալների դեմ

2 րոպեի ընթերցում

Լեհ սահմանապահներին թույլատրել են զենք կիրառել անօրինական ներգաղթյալների դեմ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել, որը սահմանին գտնվող զինվորներին թույլ է տալիս զենք օգտագործել անօրինական միգրանտների նկատմամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Մալգոժատա Պապրոցկայան։

«Նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել սահմանին զինվորների և այլ ծառայությունների աշխատակիցների գործողություններին աջակցելու վերաբերյալ», - ասել է Պապրոցկայան:

Նրա կարծիքով՝ այս օրենքը «հնարավորություն կտա էլ ավելի լավ, էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել սահմանը, այդ թվում՝ բարձրացնելով լեհ զինվորի անվտանգությունը»։

Լեհաստանի խորհրդարանն օրենքն ընդունել է հուլիսին։ Այն թույլ է տալիս խաղաղ պայմաններում սահմանի վրա բանակն օգտագործել ինքնուրույն գործողությունների համար, այլ ոչ միայն սահմանի պահպանությանը և Ներքին գործերի նախարարությանն աջակցելու համար: Օրենքը սահմանում է խաղաղ պայմաններում երկրի տարածքում իրականացվող «ռազմական գործողության» հասկացություն։

Օրենքը նաև դրույթ է մտցնում Քրեական օրենսգրքում, որը բացառում է պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք կատարվել են որոշակի պայմաններում։ Խոսքը սահմանը պաշտպանող զինվորի կամ սպայի կողմից կանոնների խախտմամբ զենքի կամ ուղղակի հարկադրանքի միջոցների օգտագործման մասին է, եթե դրանք օգտագործվել են «այդ զինվորի կամ այլ անձի կյանքի, առողջության կամ ազատության դեմ ուղղակի ոտնձգությունը ետ մղելու համար, ինչպես նաև այն գործողություններին հակազդելու համար, որոնք ուղղված են այդ զինվորի կամ այլ անձի կյանքի, առողջության կամ ազատության նկատմամբ ոտնձգությանը»։

Զինվորների կողմից զենք օգտագործելու օրենսդրությունը փոխելու անհրաժեշտության շուրջ քննարկումն սկսվել է այն բանից հետո, երբ Բելառուսի հետ սահմանին լեհ զինվոր զոհվեց, որին դանակահարել էր սահմանը հատել փորձող անօրինական միգրանտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում