Հայաստան

«Հնդկաստանի բաժանման սարսափները» խորագրով ցուցահանդեսի նպատակն է ոգեկոչել երկրի անկախության համար մղված պայքարի զոհերի հիշատակը. դեսպան

3 րոպեի ընթերցում

«Հնդկաստանի բաժանման սարսափները» խորագրով ցուցահանդեսի նպատակն է ոգեկոչել երկրի անկախության համար մղված պայքարի զոհերի հիշատակը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի կառավարության որոշմամբ՝ նախորդ տարվանից սկսած օգոստոսի 14-ը նշվում է որպես «Հնդկաստանի բաժանման սարսափների» հիշատակի օր: Այն ոգեկոչում է հնդիկ ժողովրդի՝ անկախության համար մղված պայքարը, և այդ պայքարի ու երկրի ողբերգական բաժանման հետևանքով զոհ դարձած ավելի քան 1 միլիոն մարդկանց հիշատակը:  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ ներկայացնելով օգոստոսի 14-ին Երևանում Հնդկաստանի դեսպանատանը կազմակերպված «Հնդկաստանի բաժանման սարսափները» խորագիրը կրող ցուցահանդեսի նպատակներն ու ուղերձները։

«Հնդկաստանի կառավարությունն անցյալ տարվանից որոշել է օգոստոսի 14-ը նշել որպես «Հնդկաստանի բաժանման սարսափների» հիշատակի օր: Ցուցահանդեսի համատեքստն այն է, որ Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց 1947 թվականի օգոստոսի 15-ին՝ բրիտանացիների կողմից գրեթե 200 տարվա գաղութային տիրապետությունից հետո», - իր խոսքում նշեց դեսպանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, այդ անկախությունը ձեռք է բերվել շատ ցավալի ճանապարհով, քանի որ այն տեղի է ունեցել երկրի շատ արհեստական ​​մասնատման արդյունքում, որի հետևանքով երկիրը բաժանվել է երկու մասի, իսկ միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու տեղաշարժվել Պակիստանի ու Հնդկաստանի միջև: 

Դեսպան Սինհայի խոսքով՝ այդ իրադարձությունները մեծագույն ողբերգություններից են ոչ միայն Հնդկաստանի, այլև մարդկության համար: 

«Հիմա էլ կարևոր է խոսել այդ մասին՝ ոգեկոչելով ու հիշելով բոլոր այն մարդկանց, ովքեր զոհվել են այդ բռնության ժամանակ», - մանրամասնեց դեսպանը՝ շեշտելով, որ Հնդկաստանն այս ցուցահանդեսների միջոցով փորձում է ներկայացնել տեղի ունեցած այդ ցավալի իրադարձությունները։

Նիլակշի Սահա Սինհան նաև հաղորդեց, որ դեսպանությունը մտադիր է նման ցուցահանդեսներ կազմակերպել արդեն ամեն տարի և դա իրականացնել առավել ընդգրկուն կերպով: 

«Օգոստոսի 14-ը նաև նշվում է որպես Պակիստանի անկախության օր: Իսկ Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց մեկ օր անց՝ օգոստոսի 15-ին, սակայն դա պաշտոնապես, քանի որ հետո մեր սահմանադրությունն ուժի մեջ մտավ միայն 1950թ. հունվարի 26-ին։ Այսպիսով, սա է ցուցահանդեսի համատեքստը: Այն նվիրված է այդ բաժանմանն, ինչպես նաև շատ ցավալի պատմությանը, թե ինչպես ենք մենք նվաճել մեր անկախությունը», - եզրափակեց դեսպանը՝ հավելելով, որ, ցավոք, իր ընտանիքը ևս տուժել է այդ ողբերգական իրադարձությունների հետևանքով։

Դավիթ Մամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում