Տնտեսություն

Փաշինյանը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը բացառում է ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին միայն բանավոր խոսքի հիման վրա փոխհատուցման տրամադրումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին շեշտեց կառավարության նիստում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին աջակցության վերաբերյալ ծրագրի քննարկման ընթացքում: 

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ շատ դեպքերում տնտեսավարող սուբյեկտները տեղեկացված չեն, որ հարկային հաշվետվության ձևերը պարունակում են այնպիսի հնարավորություն, որ տնտեսավարողները ճիշտ տվյալներ ներկայացնեն իրենց ապրանքային պաշարների վերաբերյալ:

«Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք հնարավոր համարել փոխհատուցել մի ապրանքային մնացորդի համար, որը փաստաթղթային ձևով չի երևում: Ամենայն հարգանով՝ ես բացառում եմ դա: Մենք 6 տարի է, ինչ խնդրում, աղաչում ենք օրենքով սահմանված ձևով հաշվարկել: Բացառված է բանավոր խոսքի հիման վրա որևէ բան փոխհատուցելը»,–ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ որևէ մեկը թող ակնկալիք չունենա, որ կարող է միայն խոսքով ասել, որ պահեստում, օրինակ, 15 մլն դրամի ապրանք է ունեցել: Երբ կհիմնավորվի, կառավարությունը համապատասխան վերաբերմունք կորդեգրի:

Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում