Տնտեսություն

Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին

5 րոպեի ընթերցում

Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում: 

«Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: Տուժած տնտեսավարողների շրջանակը և պատճառված վնասները գույքագրվել են Լոռու և Տավուշի մարզպետարանների կողմից»,-ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Քաղաքաշինության կոմիտեի և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն այցելել են աղետի գոտի, տուժած յուրաքանչյուր տնտեսավարողի գործունեության իրականացման վայր, գնահատել են ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի վնասվածության աստիճանը: Այդ աշխատանքների արդյունքում տնտեսավարողների վնասվածությունը դասակարգվել է 3 աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար: 

 Ծրագրի շահառու են հանդիսանում աղետի գոտիներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերը: Շահառուներին աջակցությունը տրամադրվում է՝ հիմք ընդունելով տնտեսավարողների կրած վնասվածության աստիճանը»,-ասաց նախարարը:

Տրամադրվող աջակցությունը բաղկացած է երկու բաղադրիչից: Առաջին՝ կախված տնտեսավարողի ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի մակերեսից և վնասվածության մակարդակից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են Քաղաքաշինության կոմիտեից կողմից: Ըստ այդմ, ցածր՝ 1 քառ. մետրի համար՝ 6600 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, միջին՝ 1 քառ. մետրի համար՝ 14 հազար 900 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ, բարձր՝ 24 հազար 800 դրամ, առավելագույնը՝ 1 մլն 200 հազար դրամ: Պապոյանի խոսքով՝ այս բաղադրիչով աջակցություն տրամադրվելու է շուրջ 150 տնտեսավարողի, որի ընդհանուր գումարը կազմելու է մոտ 140 մլն դրամ:

Երկրորդ բաղադրիչ՝ կախված տնտեսավարողի՝ 2023 թվականի համար պետական բյուջե վճարված հարկերի չափից, որի վերանորոգման ծախսերի վերաբերյալ հաշվարկներն իրականացվել են ՊԵԿ-ի կողմից: Նախատեսվում է ցածր աստիճանի տուժածներին՝ 2023 թվականի հարկերի (ԱԱՀ և շրջանառության հարկ) չափով վերադարձ՝ 50 տոկոսը, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 5 մլն դրամ, միջին՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ 70 տոկոս, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը 10 մլն դրամ, բարձր՝ 2023-ի հարկերի չափով վերադարձ՝ 100 տոկոսի չափով, նվազագույնը 200 հազար դրամ, առավելագույնը՝ 15 մլն դրամ:

Երկրորդ բաղադրիչով պետությունը մոտ 155 տնտեսավարողի է աջակցություն տրամադրելու, գումարը կազմելու է մոտ 150 մլն դրամ:

Աջակցությունը տրամադրվում է Էկոնոմիկայի նախարարության միջոցով: Աջակցություն ստանալու համար տուժած տնտեսավարողները դիմում են ներկայացնելու նախարարություն օգոստոսի 25-ից հոկտեմբերի 15-ը: Դիմումներն ընդունվելու են Էկոնոմիկայի նախարարության էլ. փոստին՝ secretariat@mineconomy.am:

«Երբ մեր սիրելի հայրենակիցներին հորդորում ենք վճարել հարկերը, չունենալ ստվերային շրջանառություն, նման դեպքերի համար է: Ես չգիտեմ, թե այս աջակցությունից քանի տնտեսավարող իրեն տրվող աջակցությունը կհամարի արդարացի, բայց կարծում եմ՝ միանշանակ արդարացի է, որ մենք դա կապում ենք վճարված հարկերի հետ: Հարկերը պետական բյուջե հավաքագրվում են նաև նրա համար, որ նման ճգնաժամային իրավիճակներում կառավարությունն աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ունենա: Սա այն դեպքն է, երբ մարդկանց ասում ենք՝ վճարած հարկերը չընկալել որպես իրենց աշխատած գումարն ուրիշին տալու գործընթաց, այլ ընկալել որպես մի գրպանից հանել, մյուս գրպանը դնել»,–ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում