ՀՀ վարչապետը քաղաքացիներին հորդորել է հոգատարություն դրսևորել վերանորոգված փողոցների և մայթերի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով երկրի տարբեր քաղաքներում վերակառուցված փողոցների թեմային, կարծիք է հայտնել, որ հասարակությունը պետք է ավելի ուշադիր և հոգատար վերաբերմունք ցուցաբերի երբեմն նույնիսկ միլիարդավոր դրամների հասնող ներդրումների արդյունքում իրականացված աշխատանքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

 «Մենք բազմաթիվ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով փողոցներ և մայթեր ենք հիմնանորոգում և վերականգնում։ Ես սովորություն ունեմ․ այդ տեղերով փորձում եմ գնալ, տեսնել, թե ինչ է կատարվում և ինձ համար, տարօրինակ կերպով, արձանագրում եմ, որ շատ հաճախ մայթերն օգտագործվում են որպես ավտոկանգառ, այսինքն՝ մայթերի վրա ավտոմեքենաներ են կանգնած, ինչն, իհարկե, խնդրահարույց է, որովհետև այդ մայթերը մենք վերականգնել ենք, որպեսզի հետիոտները քայլելու հնարավորություն ունենան», - ասել է վարչապետը։ 

Նրա բնորոշմամբ՝ մեկ այլ երևույթ է, որ մարդիկ առանց կաշկանդվելու այդ նոր հիմնանորոգված մայթերի վրա ցեմենտ-ավազի շաղախ են անում սեփական նպատակների իրագործման համար՝ հաշվի չառնելով, որ այդ շաղախը վերանորոգված ասֆալտի կամ նոր սալաքարերի վրա շերտ է թողնում՝ վնասելով կատարած աշխատանքը։

«Հաջորդ երևույթն այն է, որ մայթերը դարձնում են շինհրապարակ՝ թափելով ավազ, քարեր, շինարարական գործիքներ, աստիճաններ, տակառներ և այլն, ինչով ևս խանգարում, խոչընդոտում են հետիոտների շարժին։ Եվ այստեղ հարց է ծագում՝ տասնյակ, հարյուրավոր, երբեմն էլ միլիարդավոր դրամների գումարն ինչի՞ համար է ծախսվել, եթե չի ծառայելու իր նպատակին», - նշել է Փաշինյանը։ 

Վարչապետի կարծիքով՝ մեկ այլ երևույթ է, որ մարդիկ նոր վերանորոգված փողոցներն անկաշկանդ կերպով քանդում են, ինչի արդյունքում այդ փողոցներում առաջանում են փոսեր։

«Իհարկե, ես այս կապակցությամբ պետական մարմիններին հանձնարարականներ տվել եմ, ուղղակի ուզում եմ նաև կիսվել հանրության հետ, որովհետև զգում եմ, որ հանրային իրազեկման կարիք կա», - նշել է վարչապետը՝ հասարակությանը կոչ անելով լինել ավելի ուշադիր և չանել այդ ամենը։ 

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է փորձել բարեկամաբար հորդորել նաև մյուսներին, որպեսզի նման բաներ տեղի չունենան։ 

«Եթե նման բաներ տեղի են ունենում, դիմենք համապատասխան մարմիններին, ՏԻՄ-երին, ոստիկանությանը, տեսչական մարմիններին, որպեսզի պետական մարմինները նույնպես տեղից շարժվեն և իրենց անելիքն անեն», - եզրափակել է վարչապետը՝ վերահաստատելով, որ համապատասխան հանձնարարականները տրվել են, սակայն այդ հարցում չի խանգարի նաև լրացուցիչ ջանքը։

Հայերեն العربية

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres