Տնտեսություն

Միգրանտներն աշխատաշուկայից դուրս չեն մղում Հայաստանի քաղաքացիներին. տնտեսագետ

10 րոպեի ընթերցում

Միգրանտներն աշխատաշուկայից դուրս չեն մղում Հայաստանի քաղաքացիներին. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չնայած տնտեսական սահմանափակ հնարավորություններին՝ Հայաստանը վերածվել է միգրանտներին հրապուրող երկրի: Այսօր արդեն անսովոր չէ տարբեր վայրերում աշխատող օտարերկրացիների հանդիպելը: Տարբեր գործոնների շարքում դա հանգեցնում է նաև Հայաստանի աշխատաշուկայում նոր հարաբերությունների և իրողությունների ձևավորմանը, նպաստում մեր երկրի տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ առաջացնելով մարտահրավերներ:

Հայաստանում միգրանտների, հատկապես՝ աշխատանքային միգրանտների մասին է «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը տնտեսական գիտությունների թեկնածու, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Տաթև Վարդանյանի հետ:

- Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ինչպիսի՞ն է միգրացիոն իրավիճակը:

- Վերջին տարիների աշխարհա­քաղաքական իրադարձություններով (COVID-19 համավարակ, ռուս-ուկրաինական հակամարտություն, 2020 թվականի 44-օրյա պատերազմ, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Արցախ և բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայրենակիցների տեղափոխությունը և այլն) պայմանավորված Հայաս­տանում միգրացիոն պատկերը բավականին փոխվել է։ Եթե անկախության հռչակմանը հաջորդած տարիներին Հայաստանը հիմնականում միգրացիայի ծագման երկիր էր, ապա այժմ վերածվել է  միգրանտներ ընդունող պետության:

Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում ներկայացված տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստան առավել շատ մարդ է ժամանել Ռուսաստանից (487 հազար 156 սահմանային գրանցում), Վրաստանից (155 872), Հնդկաստանից (21 447), Ուկրաինայից (20 827) և Իրանից (6 487)։ 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվական շտեմարանների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում միգրացիոն մնացորդը 64.1 հազար մարդ է: 2023 թվականի նույն ժամանակահատվածում 3.5 հազար մարդ էր։

- Միգրանտներից քանիսն արդեն ունե՞ն ՀՀ քաղաքացիություն, քանիսը՝ կացության իրավունք, քանիսն են աշխատում և, ընդհանրապես, ի՞նչ տվյալներ կան գրանցված և չգրանցված աշխատողների վերաբերյալ: 

- 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ է ստացել 1529 մարդ՝ 62 տոկոսը հայեր են: Նրանց թվում են անձնագրային փոփոխությունների նպատակով դիմած Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները, բացի այդ՝ դեպի Հայաստան միգրացիոն հոսքերն ակտիվացել են ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով: Նշեմ նաև, որ մշտական կացության կարգավիճակ ստացածների կեսից ավելին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ 

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության workpermit.am հարթակի տվյալները փաստում են՝ ոչ ԵԱՏՄ երկրներից աշխատանքային գործունեություն ծավալելու հիմնավորմամբ ժամանակավոր կացություն է ստացել 1657 մարդ, որոնցից 563-ը Հնդկաստանի, 404-ը՝ Իրանի, մնացածն՝ այլ պետությունների քաղաքացիներ են։ Իսկ ԵԱՏՄ-ին անդամակցող երկրներից 2024 թվականի առաջին կիսամյակում նույն հիմնավորմամբ ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածների մեծամասնությունը (2943 մարդ) Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: 

- Միգրանտների ո՞ր մասն է Հայաստանից հեռացել անցյալ տարի և 2024 թվականի առաջին կիսամյակում:

- Հայաստանում միգրացիոն իրավիճակը գնահատվում է սահմանահատումների ցուցանիշով, ինչը բավականին բարդացնում է միգրացիոն ներհոսքի և արտահոսքի արդյունքում ի հայտ եկած սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական խնդիրների ու մարտահրավերների թիրախային գնահատումը, առավել ևս՝ կանխատեսումը։ Այս պարագայում ստացվում է, որ, եթե հաշվի առնենք Հայաստանի սահմանի հատման ցուցանիշները, ապա 2024 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք մոտ 2 մլն սահմանային գրանցում: Ընդ որում՝ Հայաստանի սահմանները հատածների 44 տոկոսը ունեցել են ՀՀ անձնագիր։ 

- Հայաստանի աշխատանքային շուկայի ո՞ր նիշերն են զբաղեցնում միգրանտները և ի՞նչ համամասնությամբ:

- Հայաստանի աշխատանքային շուկայում իրավիճակը բնութագրող առանցքային ցուցանիշներից մեկը զբաղվածության մակարդակի մասին տվյալն է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ Հայաստանում զբաղվածության ընդհանուր մակարդակը եղել է 57.8%, իսկ միգրանտների համակցության մակարդակը՝ 45.1%։ Ընդ որում, 2022 թվականի տվյալներով՝ Հայաստանում աշխատող օտարերկրացիների 38.3 տոկոսը Ռուսաստանից են, 45.7%-ը՝ ԱՊՀ մյուս երկրներից, իսկ 45.1%-ը՝ այլ պետություններից։ Ուսումնասիրության համաձայն՝ միգրանտների 27.1 տոկոսը զբաղված են գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտներում, 13.6%-ը՝ մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների նորոգման, 11%-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտներում և այլն։ 

- Միգրանտների ներգրավումն ինչպիսի՞ փոփոխություններ է առաջացրել Հայաստանի աշխատաշուկայում:

- Ընդհանուր առմամբ, Հայաստանի միգրացիոն համայնապատկերում անհրաժեշտ է առանձնացնել երկու հիմնական միտում, որոնք «կերպարանափոխում» են ՀՀ աշխատանքի շուկան։ Անզեն աչքով տեսանելի է հնդիկ միգրանտնե­րի թվի ավելացումը Հայաստանում: ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տեղեկագրի շրջանակներում կատարված հարցումները ցույց են տալիս, որ, ըստ հայաստանյան գործատուների, հնդիկ միգրանտների հոս­քերի ավելացումը դրական է անդրադարձել մեր երկրի տնտեսությանը, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է դարձել լրացնել ցածր որա­կավորում պահանջող աշխատատեղերի պահանջարկը:

Ըստ գործատուի՝ հնդիկ միգրանտների մեծ հոսքի շնորհիվ 2023 թվականից սկսած աննա­խադեպ ակտիվացում է շինարարության ոլորտում: Այս ամենն, իհարկե, դրական է ազդել Հայաստանի տնտեսությանը, սակայն կարևոր է դիտարկել նաև մեդալի հակառակ կողմը: Նախորդ տարվա տվյալներով՝ Հնդկաստանի բնակչությունը եղել է 1.428 մլրդ, իսկ Հայաստանինը՝ 2 մլն 990.9 հազար մարդ: Այդ անհամամասնությունն առաջիկա տարիներին կարող է տնտեսական և ժողովրդագրական բավականին լուրջ փոփոխություններ առաջացնել Հայաստանում: 

Մյուս առանցքային գործոնը ռուս-ուկրաինական պատերազմն է, որի հետևանքով բավական մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են հաստատվել Հայաստանում։ Նրանք հիմնականում իրենց ունակությունները դրսևորում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ լրացնելով հատկապես առավել փորձառու մասնագետների պակասը։ Ռուսաստանցի միգրանտները Հայաստանում նաև բավականին ակտիվացրել են ծառայությունների և սպասարկման ոլորտները: Սակայն, 2024 թվականի առաջին կիսամյակում ՌԴ-ից Հայաստան միգրացիոն հոսքերի թուլացման միտում է նկատվում: Դա նշանակում է, որ մի կողմից Հայաստանը չի կարողանում համապատասխան էկոմիջավայր ստեղծել ռուսաստանցի միգրանտների մշտական բնակության համար, մյուս կողմից՝ հոսքի նվազմանը կարող են նպաստել քաղաքական ու պատերազմական անկայունությունը։ 

- Տեղական աշխատաշուկայում միգրանտների առկայությունն անդրադառնո՞ւմ է ՀՀ քաղաքացիների շրջանում գործազրկության աճին:

- Ակադեմիական գրականությունում ընդգծվում է՝ լուրջ թյուրընկալում է այն, որ միգրանտների ավելացումը հանգեցնում է ընդունող երկրի բնակչության շրջանում գործազրկության մակարդակի աճին։ Էմպիրիկ մի շարք հետազոտություններ փաստում են, որ միգրանտներն ու տեղացի աշխատողները հիմնականում չեն մրցում նույն աշխատատեղի համար։ Հայաստանի պարագայում դա նույնպես ակնհայտ է։ Հատկապես ցածր որակավորում ունեցող մասնագետների շուկայում Հայաստանում տարիներ շարունակ բաց է նկատվել, որն էլ ներկայումս լրացրել են հնդիկ միգրանտները: Մյուս կողմից՝ Հայաստանում ՏՏ շուկան նոր է թափ հավաքում, իսկ տեղացի մասնագետները դեռևս փորձի ու գիտելիքի կուտակման փուլում են։ Ուստի, մեր շուկայում առկա է նաև փորձառու ծրագրավորողների պակաս, որը կարող է լրացվել Ռուսաստանից ժամանած մասնագետների շնորհիվ:  

- Հայաստանում կա՞ աշխատանքային միգրանտների հետ կապված կարգավորումների անհրաժեշտություն: Եթե այո՝ ինչպիսի: 

- Վերջին տարիներին Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, որոնք օրենսդրական մակարդակով կարգավորում են մեր երկրում օտարերկրացիների աշխատելու թույլտվության հետ կապված խնդիրները։ ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր շուկայի առկայությունը աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել հեշտ ընթացակարգ է նախատեսում Հայաստան ժամանած ռուսաստանցի միգրանտների համար: Իսկ ոչ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների պարագայում խնդիրներ դեռևս առկա են։

Ազատ շուկայական հարաբերությունները ենթադրում են, որ տնտեսությունը պետք է գործի առաջարկի և պահանջարկի տրամաբանական շղթայում: Բայց շատ կարևոր է հաշվի առնել նաև, որ միգրացիան սոցիալական երևույթ է, իսկ պետության կարևորագույն գործառույթներից մեկը սոցիալական համերաշխության ապահովումն է: Այս համատեքստում, դեպի Հայաստան միգրանտների հոսքերի ակտիվացմանը զուգահեռ, անհրաժեշտ է ակտիվացնել պետական կարգավորման գործիքները, որոնք պետք է ուղղված լինեն ինչպես միգրանտների աշխատանքային պայմանների վերահսկմանը, այնպես էլ Հայաստանում ապրելու և հայկական իրականությանը ներգրավվելու հետ կապված խնդիրների կարգավորմանը:

Հրայր Նազարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում