Մշակույթ

Գևորգ Հակոբյանն առաջնախաղով հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում

3 րոպեի ընթերցում

Գևորգ Հակոբյանն առաջնախաղով հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով:

«Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝ ամենուր ահ ու սարսափ սփռելով: Միևնույն ժամանակ, Հակոբյանի սպառնալիքները համադրված էին նաև մեղմ հմայքով, անգամ առօրեական հարցաքննությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ երկրորդ գործողության՝ ննջարանի  տեսարանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է քննադատ Գորդոն Ուիլյամսը: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «City News» ամսագիրը շեշտել է՝ Գևորգ Հակոբյանը, կարծես, ծնված է մարմնավորելու Սկարպիայի դաժան կերպարը, որը հաճույք է ստանում՝ ցուցադրելով իր իշխանությունը:

«Տոսկա» օպերայի այս բեմադրությամբ Սիդնեյի օպերային թատրոնը նշանավորել է Պուչինիի մահվան 100-րդ տարելիցը: Ռեժիսոր Էդուարդ Դիկի բեմադրությունն իր մեջ համադրում է Վերածննդի դարաշրջանի վեհությունն ու ժամանակակից էլեգանտությունը: Ներկայացման դիրիժորն է Յոհաննես Ֆրիցշը, Տոսկայի դերում հանդես են եկել սոպրանոներ Ժիզել Ալլենը և ավստրալաբնակ մեր հայրենակցուհի Նատալի Արոյանը, իսկ Կավարադոսիի կերպարը մարմնավորել է կորեացի տենոր Յունգ Վու Կիմը:

Գևորգ Հակոբյանը, չնայած իր խիտ աշխատանքային գրաֆիկին, հասցրել է ակտիվորեն շփվել Սիդնեյի հայ համայնքի հետ, այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» ծերերի խնամքի տուն-ինտերնատ: Նա ոգևորիչ հանդիպումներ է ունեցել դպրոցականների և տարեցների հետ: Հակոբյանի փոխանցմամբ՝ նրա ներկայացումներին զգալի էր նաև հայ հանդիսատեսի ներկայությունը և զորակցությունը:

Սկարպիայի դերերգը Հակոբյանի երգացանկի առանցքային դերերից է, այն բազմիցս կատարել է Հռոմի, Վիեննայի պետական, Մադրիդի թագավորական, Ամստերդամի ազգային, Բեռլինի, Բոլոնիայի «Կոմունալե», Ջենովայի «Կարլո Ֆելիչե», «Մարիինյան», «Բոլշոյ» և այլ հեղինակավոր օպերային թատրոններում: Հակոբյանի առաջիկա բեմելները ծրագրված են Հռոմի օպերային թատրոնում, Իսրայելի օպերայում, Փարիզի «Օպերա Բաստիլում», Նիդերլանդների Ազգային և Մադրիդի Թագավորական օպերային թատրոններում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում