Հայաստան

Օպերային թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են տվյալ թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով. ՀԷՑ-ի պարզաբանումը

3 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են տվյալ թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով. ՀԷՑ-ի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ անդրադառնալով Թատրոնի տարածած այն հաղորդագրությանը, որ օգոստոսի 7-ին բալետային ներկայացման ժամանակ էլեկտրամատակարարող ընկերության կողմից, առանց նախապես ծանուցելու, տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի պատճառով  դադարեցվել է հերթական ներկայացումը։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերջին շրջանում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից մի քանի անգամ ահազանգ է ստացել այն մասին, որ Թատրոնում պարբերաբար տեղի են ունենում հոսանքազրկումներ: Խնդիրը պարզելու նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգայց է կատարել, ուսումնասիրել Թատրոնի էլեկտրամատակարարման սխեման և պարզել, որ առկա է խնդիր Թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում: Մեր մասնագետները տվյալ հանգամանքը մանրակրկիտ բացատրել են Թատրոնի համապատասխան աշխատակիցներին՝ ներկայացնելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Ընդհատումները պայմանավորված են Թատրոնին պատկանող էլեկտրատնտեսության թերություններով՝ տրանսֆորմատորները ենթակա են նորոգման, կարգաբերման, հնարավոր է նաև՝ փոխարինման»,- նշված է ընկերության պարզաբանման մեջ: 

 Ըստ նույն պարզաբանման՝ ս.թ. օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի ընդհատումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  աշխատակիցները մեկ անգամ ևս այցելել են Թատրոն և մեկ անգամ ևս արձանագրել խնդիրը: ՀԷՑ-ի բաշխիչ ցանցի այդ հատվածում թերություններ չեն հայտնաբերվել:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից հավաստիացնում են՝ պատրաստակամ են տրամադրել լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ Թատրոնին հնարավորինս աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում