Տնտեսություն

Երևանում կանցկացվի «Գարեջրի օրեր» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի «Գարեջրի օրեր» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում օգոստոսի 23-ին կմեկնարկի «Գարեջրի օրեր» փառատոնը։ Երեք օր տևող փառատոնը համախմբելու է տեղական գարեջուր արտադրողներին ու գարեջրի սիրահարներին։ Երևանի Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատվածում ներկայացվելու է Հայաստանի գարեջրագործական մշակույթը, այցելուները ծանոթանալու են տեղական արտադրանքին ու վայելելու են գարեջրի բազմազան տեսականին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի կառավարիչ Լիլիթ Ծառուկյանը նշեց, որ արդեն 3-րդ տարին անցկացվող փառատոնն այս անգամ առանձնանալու է հագեցած ծրագրով։

«Մեր կազմակերպության նպատակն է զարգացնել փառատոնային տուրիզմը և ահա այդ համատեքստում էլ անցկացնում ենք «Գարեջրի օրեր»-ը։ Այս փառատոնի շրջանակում մենք փորձում ենք վերհանել հայկական գարեջրագործության ավանդույթները, ներկայացնել շուկայում առկա նորույթները։ Ասեմ, որ տեղական արտադրողները բազմազան տեսականի են ներկայացնում»,-նշեց Լիլիթ Ծառուկյանը։  

Միջոցառումը բաժանված է մի քանի գոտիների՝ սննդի, խմիչքի և ինտերակտիվ խաղերի։ «ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի կառավարիչ Մարիաննա Վարդանյանը նշեց, որ այս տարին առանձնանալու է բազմատեսակ ժամանցային ծրագրերով։

«Խմիչքի գոտում ներկայացված է լինելու փառատոնի զարդը՝ գարեջուրը։ Խմիչքի հետ մեկտեղ այցելուները կհամտեսեն գարեջրի հետ համադրվող խորտիկները, հնարավորություն կունենան մասնակցել խաղերին և շահել տարատեսակ նվերներ, ինչպես նաև կվայելեն գարեջուրը հատուկ նախատեսված հանգստի գոտում»,-ասաց Մարիաննա Վարդանյանը։ 

«ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի համակարգող Լիլի Հովսեփյանը նշեց, որ խաղերի 11 տաղավար է առանձնացվելու։ Խաղերի բովանդակությունը համապատասխան է լինելու գարեջրի թեմատիկային։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում փառատոնային տուրիզմի զարգացումը մեծ թափ է ստանում։ Հայաստանցիներն ու հյուրերը հնարավորություն են ունենում ընտրել իրենց նախասիրություններին հարմար զբոսաշրջային փառատոն։ 

«Առաջարկվող փառատոնները շատ են ու բազմազան՝ մշակույթ, խոհանոց, արկածային տուրիզմ և այլն։ Դրանք անցկացվում են թե Երևանում, թե մարզերում։ Մարդիկ փառատոնների համար այցելում են հեռավոր համայնքներ, հնարավորություն են ունենում բացահայտել Հայաստանը նորովի։ Փառատոններն իրենց հերթին ազդեցություն են ունենում ենթակառուցվածքների զարգացմանը, նպաստում են տեղական արտադրության ակտիվացմանը»,-ասաց Դիանա Կարապետյանը։ 

Այցեքարտ դարձած զբոսաշրջային փառատոնները ներառվում են տուրիստական կազմակերպությունների կողմից առաջարկվող փաթեթներում։ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ևս շեշտադրվում է Հայաստանի փառատոնային տուրիզմը։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում