Եվրոպա

ԵԽ-ում կոչ են արել դադարեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն՝ ՌԴ-ի համար վիզային ռեժիմի մեղմացման պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵԽ-ում կոչ են արել դադարեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն՝ ՌԴ-ի համար վիզային ռեժիմի մեղմացման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի (ԵԽ) 70 անդամներից բաղկացած խումբը Եվրահանձնաժողովից (ԵՀ) պահանջել է դադարեցնել Հունգարիայի մասնակցությունը Շենգենյան գոտուն այն բանից հետո, երբ Բուդապեշտը որոշել է մեղմացնել այցագրային պահանջներն ութ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է POLITICO-ն։

Ըստ պարբերականի տեղեկատվության՝ Չեխիայից և Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանուշե Ներուդովան և Պյատրաս Աուշտրյավիչյուսը նամակ են հղել ԵՀ՝ Հունգարիայի համապատասխան որոշումը հետաքննելուն ուղղված շտապ միջոցներ ձեռնարկելու կոչով։ Նամակի հեղինակների գնահատմամբ՝  որոշումը «կարող է հնարավոր սպառնալիքի տակ դնել» Շենգենյան գոտու դերը՝ որպես անդամ երկրների «քաղաքացիների համար անվտանգ տարածություն»։ 

Պատգամավորները նշել են, որ «եթե Հունգարիայի կառավարությունը հրաժարվի փոխել իր քաղաքականությունը», ապա ԵՀ-ն և ԵՄ բոլոր անդամները «պետք է կասկածի տակ դնեն Հունգարիայի ներկայությունը Շենգենյան գոտում»։ Առաջարկվող միջոցների թվում նամակում նշվում են Հունգարիայի սահմաններին հսկողության ներդրումը և հրաժարումը հունգարական այցագրերի ճանաչումից։

POLITICO-ն հավելել է, որ նամակը հավաքել է մոտ 70 ստորագրություն, այդ թվում՝ Բելգիայի և Իռլանդիայի նախկին վարչապետների ստորագրությունները։ Նրանց անունները չեն նշվում։

Ավելի վաղ մի քանի եվրոպական լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Հունգարիան որոշել է մեղմացնել այցագրային պահանջները, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների համար։ Հուլիսի 30-ին ԵՀ-ում արդեն պարզաբանում են պահանջել Հունգարիայից այդ քայլի առթիվ։ Օգոստոսի 1-ին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պահանջել է սահմանափակել Հունգարիայի մասնակցությունը Շենգենին՝ ՌԴ-ի համար այցագրային մեղմացումների պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում