Աշխարհ

Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ սահմանապահ զորքերը ստացել են նոր մարտավարական բալիստիկ հրթիռների 250 արձակման կայանքներ, որոնք արտադրվել են երկրի ձեռնարկություններում։ Արարողությունը տեղի է ունեցել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Սեուլը համարում է, որ այս կայանքները կարող են օգտագործվել Հարավային Կորեային սպառնալու համար:

Կիմ Չեն Ընը նշել է, որ պաշտպանունակության ամրապնդումը պետական ​​կարևորագույն գործ է՝ բնակչության կյանքի բարելավման և բնական աղետների հետևանքների վերացման հետ մեկտեղ։ Վերջին օրերին Հյուսիսային Կորեան վերականգնողական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիս-արևմուտքում հեղեղումներից հետո։

Իր խոսքում Կիմ Չեն Ընը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ «միջուկային հիմքի վրա ռազմական դաշինք» ստեղծելու մեջ, որը, նրա խոսքով, Հյուսիսային Կորեային ստիպել է ավելի ուժեղացնել իր ռազմական կարողությունները։ 

Արձակման կայանքների և բուն հրթիռների ստույգ մարտավարական-տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում։

Հյուսիսային Կորեան վերջերս ակտիվորեն մշակում է նոր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Ըստ ՏԱՍՍ-ի՝ 2023 թվականին Կորեայի ժողովրդական բանակի սպառազինությանն են մատակարարվել  600 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնք, ինչպես հայտարարում են Փհենյանում, կարող են օգտագործվել մարտավարական միջուկային զենքի արձակման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում